Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների հարցերի տարածաշրջանային տնօրեն Դորիտ Նիցանը «Համավարակ 2020. մարտահրավերներ, լուծումներ, հետեւանքներ» խորհրդաժողովում ուշադրություն է դարձրել, որ կորոնավիրուսի տեսակները եւ ձեւերը ժխտում են երկրորդ ալիքի առկայությունը։

«Կորոնավիրուսի տեսակները եւ ձեւերը ցույց են տալիս, որ համավարակի ոչ մի երկրորդ ալիք չկա»,-հայտարարել է Նիցանը, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին գործակալությունը: Գոյություն ունեն պետություններ, «որտեղ (ներկայում) դիտվում է (կորոնավիրուսով հիվանդացածների թվի) աճ, սակայն կան նաեւ տարածքներ, որտեղ գրանցվում է նվազում», հավելել է նա: «Մենք այդ իրադրությանը նայում ենք ամենօրյա հիմքով, ուսումնասիրում ենք այն երկրների իրադրությունը, որտեղ գրանցվում է նվազում (հիվանդացածների թվի)»,-պարզաբանել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը:

Նրա կարծիքով՝ «շատերը չեն գիտակցում, որ կորոնավիրուսը շատ վտանգավոր հիվանդություն է» այն տեսակետից, որ աշխարհի բնակչության միայն 5 տոկոսն է հիվանդացել օրհասական ձեւով: «Բայց այդ 5 տոկոսը տառապում է շատ ուժեղ, նրանց կյանքը սպառնալիքի տակ է, դա դժվար է ասել, բայց նրանց վիճակը շատ ծանր է»,-ամփոփել է Նիցանը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր կորոնավիրուսային վարակի բռնկումը հայտարարել է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում վարակման դեպքերի թվաքանակը գերազանցել է 37 միլիոնը: Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 37 միլիոն 109 հազար 851 դեպք: Ողջ ժամանակաշրջանում մահացել է կորոնավիրուսի հաստատմամբ 1 մլն 70 հազար 355 հիվանդ: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել էր, որ Գամալեայի անվան կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգն ուշադրությունը հրավիրել է COVID-ի նոր սպառնալիքի վրա: