Ադրբեջանին Հայաստանի դեմ պատերազմի մեջ մղելու հարցում Թուրքիայի դերակատարության  ապացույցներն ավելանում են: Անկարայի կողմից հայերի դեմ կռվելու համար ուղարկված Սիրիայից վարձկանների մասնակցությամբ նոր տեսանյութերից պարզ է դառնում, որ այդ զինյալներին ուղարկելու նյութատեխնիկական ջանքերը սկսվել են ամիսներ առաջ, գրում է Սեթ Ֆրանցմանը JPost-ի իր հոդվածում:

«Բացի այդ, թուրքական լրատվամիջոցները եւ կառավարությունը գովազդում են Bayraktar B2 անօդաչու թռչող սարքերի օգտագործումը հայկական զրահամեքենաների շարասյունների դեմ` ցույց տալով, որ դա ձեռնտու է Թուրքիային եւ նրա ռազմական արդյունաբերությանը: Անկարայում մեդիաները նաեւ կեղծ լուրեր են մոբիլիզացրել` փորձելով այս պատերազմը կապել Թուրքիայի դեմ «ահաբեկչության» հետ:

Եթե հետ նայել, կարելի է ակնարկներ տեսնել պատերազմի հիմքում ընկած Անկարայի ծրագրերի մասին, թե ինչպես զարգացավ պատերազմը եւ ինչպես էր այն հրահրվում սեպտեմբերի 27-ի մարտերից առաջ:

Առաջին վկայությունն այն է, որ Թուրքիայի իշխող կուսակցությունը եւ դրա վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներն այլ երկրներ ներխուժելուց առաջ սովորություն ունեն պատմություններ հորինել Քրդական աշխատավորական կուսակցության մասին: Թուրքիան հայտարարում էր, որ ՔԱԿ-ը սպառնում է իրեն Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Աֆրինից` նախքան 2018 թվականին այդ տարածք ներխուժելը:

Իրականում Աֆրինից երբեք հարձակումներ չեն եղել Թուրքիայի վրա, եւ այդ տարածքը վերահսկվում էր Սիրիայի քրդերի Ժողովրդական պաշտպանության խմբերի (YPG) կողմից: Սակայն նույն Անկարան «Իսլամական պետություն» խմբավորման անդամներին եւ այլ ծայրահեղականների թույլ տվեց հատել իր կողմից վերահսկվող տարածքները, ուստի այն ​​գաղափարը, որ Թուրքիայի հիմնավորումն իրական սպառնալիքներն էին ՔԱԿ-ի կողմից, ապացույցներով չեն հաստատվում: Անկարայի մոդելի շրջանակներում է «սպառնալիքներ» հորինելը ՔԱԿ-ի կողմից` իր ռազմական օպերացիաներն արդարացնելու համար, այն նոր սպառնալիքներ էր հորինում յուրաքանչյուր ամիս` չնայած հարձակումների բացակայությանը` 2019-ի հոկտեմբերին Սիրիայի վրա հարձակումը եւ 2018-ի գարնանն ու ամռանը Իրաքի ռմբակոծումն արդարացնելու համար: Մոտ 300.000 քրդեր ստիպված էին լքել իրենց տները, եզդիական շատ գյուղեր ավերվեցին, իսկ կանայք սպանվեցին եւ առեւանգվեցին Անկարայի ներխուժումների ժամանակ, որտեղ այն Սիրիայից վարձկանների էր օգտագործում ռազմական հանցագործությունների համար: «Ահաբեկչական սպառնալիքի» մասին հայտարարող երկիրն այսպիսով էթնիկորեն մաքրեց եւ դատարկեց հյուսիսային Սիրիայի մեծ մասը` առանց Թուրքիայի վրա գետ մեկ ահաբեկչական հարձակման:

Սեպտեմբերի 25-ին Անկարան իր իշխանամետ լրատվամիջոցներին հրամայեց հաղորդումներ տարածել Հայաստանում ՔԱԿ-ի «սպառնալիքների» մասին: Իշխանամետ բազմաթիվ թերթերից մեկը` Daily Sabah-ը, վերնագիր հրապարակեց, որում հայտարարում էր, որ «Հայաստանը YPG/ՔԱԿ-ի ահաբեկիչներ է ուղարկում Սիրիայից եւ Իրաքից օկուպացված Լեռնային Ղարաբաղ` աշխարհազորայինների պատրաստման համար»:

Թուրքիան լրագրողների ամենամեծ բանտապանն է, ուստի չկան քննադատական ​​լրատվամիջոցներ, որոնք կարող են դեմ լինել կառավարության այս վարկածին: Այժմ` սեպտեմբերի 25-ին, Անկարան իր սեփական պատճառն ունի` ծրագրված պատերազմին աջակցելու համար:

Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմին մղելու Անկարայի փորձը սկսվում է հուլիսից, երբ բախումներ տեղի ունեցան: Ադրբեջանին աջակցելու բանալին զենքի վաճառքն էր: Ադրբեջանը հայտնեց, որ 2020-ի հունիսին Թուրքիայից Bayraktar անօդաչու թռչող սարքեր կգնի: Հուլիսի 12-ից 16-ը մարտեր էին ընթանում: Հուլիսի 17-ին Թուրքիայի Defence Industries ընկերության նախագահ Իսմայիլ Դեմիրը հայտարարեց, որ արդյունաբերությունը կաջակցի Ադրբեջանին: ԱԹՍ-ները մի ասպեկտ էին. սակայն հոդվածներում նշվում էր նաեւ զինամթերք, հրթիռներ, էլեկտրոնային պատերազմի համակարգեր եւ նույնիսկ տրանսպորտային միջոցներ:

Թուրքիան ժամանակակից եւ հաջողակ ռազմական արդյունաբերություն ունի: Էներգառեսուրսների արտահանմամբ հարուստ Ադրբեջանը կօգնի Թուրքիայի տնտեսությանը, եթե դրա արժույթն ընկնի: Թուրքիայի նախագահի փեսան եւս Bayraktar անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերություն է ղեկավարում: Այնպես որ` Անկարան եւ երկրի ղեկավարը կհաղթեն:

Հուլիսին Դեմիրը հանդիպել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Ռամիզ Տահիրովի հետ: Սեպտեմբերի վերջին թուրքական պետական ​​TRT-ն նշել էր, որ «ադրբեջանական զինուժը զգալիորեն ընդլայնել է իր անօդաչու թռչող սարքերի պարկը, վերջերս` ավելի մեծ պահանջարկ վայելող Bayraktar TB2 թուրքական անօդաչու թռչող սարքի հաշվին»: Հաղորդագրույան մեջ նշվում է, որ այն «արդեն մասնակցել է ռազմական գործողություններին` հայկական մի շարք շարժական զենիթահրթիռային համակարգեր եւ տանկեր ոչնչացնելով»:

Փաստացի Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերը պատմականորեն բաղկացած են իսրայելական ԱԹՍ-ներից: Թուրքիան ակնհայտ կերպով օգտագործեց պատերազմը` իր զենքը ցուցադրելու համար: Ըստ Nordic Monitor-ի` Բաքուն եւ Անկարան վերջին տարիներին խորացրել են իրենց պաշտպանական կապերը. 2019-ին վաճառքների ծավալը մոտ 2 միլիարդ դոլար էր կազմել: