Ֆրանսիայի հայ համայնքը Փարիզում Ազգային ժողովի հարակից տարածքում բազմամարդ հավաք է անցկացրել Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆրանսիայում բնակվող լրագրող Էլլադա Ղուկասյանը մանրամասներ ներկայացրեց Ֆրանսիայի Ազգային ժողովի հարակից տարածքում տեղի ունեցած միջոցառումից:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի մեկնարկից ի վեր Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչները մեկ անգամ բողոքի ցույց են անցկացրել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան, մեկ անգամ էլ Թուրքիայի դեսպանատան դիմաց՝ դատապարտելով այդ երկրների ագրեսիան: «Այսօրվա հավաքը տարբերվում էր դրանցից, որովհետև Ֆրանսիայի Ազգային ժողովի հարակից տարածքում այս անգամ պահանջի ցույց էր, հայ համայնքը Ֆրանսիայի կառավարությունից պահանջում էր ճանաչել Արցախի անկախությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով հոկտեմբերի 20-ին կրկին հավաքվելու են նույն վայրում:

Բազմամարդ հավաքին ելույթ են ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը: Հավաքին մասնակցել են նաև դերասան, ռեժիսոր Սիմոն Աբգարյանը, լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը տիկնոջ հետ, դաշնակահար, երգահան Անդրե Մանուկյանը, ՀՖՖ նախագահի խորհրդական Դենիս Ջորկաեֆը, ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն: