Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները եռամսյակային պարգեւատրում չեն ստանա։ Նախատեսված գումարը կմնա քաղաքային բյուջեյում և կծախսվի ըստ անհրաժեշտության։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Պարգևատրումները, ինչպես գիտեք ըստ էության քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձի մի մասն են կազմում, այս երկու տարվա ընթացքում, և յուրաքանչյուր եռամսյակ են բաժանվում, այս եռամսյակ բնականաբար քաղաքապետի որոշմամբ պարգևավճարների ֆոնդը չի բաժանվել աշխատակիցներին՝ մնացել է քաղաքի բյուջեյում», — ասաց Հակոբ Կարապետյանը։ Խոսնակն ասաց, որ գումարը կծախսվի ըստ անհրաժեշտության՝ պատերազմական դրությունից բխող կարիքները հաշվի առնելով։

Հարցին, թե Երեւանի քաղաքապետարանը Արցախին գումար էր փոխանցել, արդյո՞ք հատկացված գումարի մեջ մտնում էր նաեւ եռամսյակային պարգևատրումները, Հակոբ Կարապետյանն ասաց, թե ոչ։ Նախ, այդ հարյուր միլիոն դրամը, որ փոխանցվեց, քաղաքապետը հայտարարեց, որ դա առաջին քայլն է, այսինքն պետք է նաեւ ակնկալել, որ ավագանին հետագայում եւս նման կարգի գործողություններ կանի, սակայն նաեւ մենք պետք է հասկանանք, որ պատերազմական դրության մեջ ենք բոլորս, ՀՀ-ն, Արցախը և ամենաթարմ ուղերձները, որը մենք ստացանք Հանրապետության վարչապետի ուղերձից քիչ առաջ, ամեն ինչ ռազմաճակատի, առաջնագծի և հաղթանակի համար, հասկանալի է, որ նաեւ համայնքային բյուջեն ծառայեցվելու է այդ ամբողջ տրամաբանությանը համապատասխան», — նշեց Հակոբ Կարապետյանը։

Irakanum.am