Արեւմուտքին, որտեղ կարծես ոչ ոք այլեւս չի ցանկանում կռվել կամ մտածել սեփական ավանդույթների մասին, որտեղ թքում են իրենց սեփական պատմության վրա, նետում են իրենց արձաններն ու ջնջում իրենց սեփական մշակույթը, աշխարհով մեկ սփռված, մոռացված եւ բարիկադավորված հայերը, որոնք այժմ պատերազմում են Լեռնային Ղարաբաղում իսլամական մտքի դեմ Թուրքիայի գլխավորությամբ, ցույց են տալիս մեզ այն ճանապարհը, որը թույլ չի տա կորցնել գլուխներս, գրում է իտալացի լրագրող Ջուլիո Մեոտին՝ Arutz Sheva-ի համար իր սյունակում:

«Լեռնային Ղարաբաղի բնակչության կեսը՝ 75 000 մարդ, տեղահանվել է Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի հարձակումների պատճառով: Պետք է հուսանք, որ նրանք դիմադրում են: Ես հենց նոր կարդացի մի գեղեցիկ նամակ, որը ֆրանսիացի դերասան Սիմոն Աբգարյանը ուղղել է Էրդողանին Le Figaro-ի էջերից. «Մենք՝ հայերս, պայքարում ենք մեր երեխաների ապագայի համար՝ հիշելով մեր զոհերին, ովքեր երկրորդ անգամ հրաժարվում են մահանալուց: Չնայած ձեր զենքին, չնայած ձեր կրոնական խոսակցություններին, չնայած ձեր ամսական 2000 դոլարանոց ջիհադիստներին, դուք չեք հաղթի: Վերցրեք ձեր մեռյալներին ու հեռացեք, հայերի երկիրը գիտելիքների երկիր է, մեղրի ու վարդերի երկիր: Դուք չգիտեք՝ ինչ անել դրա հետ: Այստեղ կանայք ուրախության թագուհիներ են: Այստեղ երաժշտությունն ու գինին անփոխարինելի դեղեր են: Այստեղ կարելի է հավատալ կամ չհավատալ: Քանի որ մեր երկիրը երկիր չէ, այն խաչմերուկ է: Գիտե՞ք ով է անցնում այնտեղով: Ամբողջ մարդկությունը: Եթե մտածում եք մեզ գառների պես մորթելու մասին, իմացեք, որ մենք մեծացել ենք առյուծ կանանց արգանդում»:

Հիանալի կլիներ, եթե եվրոպացի գրողը, դերասանը կամ քաղաքական գործիչը նման նամակ գրեր իր մշակույթի մասին:

«Վստահ եմ, որ քաղաքակրթությունը հաղթանակելու է: Քաղաքակրթությունը չի կարող չհաղթել. ժողովուրդը, որն ուզում է ապրել, չի կարող չհաղթել: Կասկած չկա, որ հայ ժողովուրդը, որը մի քանի հազար տարի ապրել է Երկիր մոլորակի վրա, ապրելու կամք ունի»: Հայաստանի վարչապետ Փաշինյանն այսպես է բացատրում հայերի ու ադրբեջանցիների միջեւ Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտությունը: Նա ճիշտ է, բայց պատմության մեջ քաղաքակրթությունը միշտ չէ, որ հաղթել է:

Եվրոպան քնած է, կոմայի մեջ է: Նա ենթարկվում է նույն շանտաժին, որը տարիներ շարունակ թույլ չի տվել եվրոպական շատ խորհրդարանների ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Գաղտնիք չէ, որ ահաբեկչական այս հրեշավոր ցանցի նպատակը հայ ժողովուրդն է, նրա քաղաքներն ու գյուղերը, նրա ազատ կյանքի իրավունքը:

Եվրոպան անօգնական է Լիբիայում, Սիրիայում, ընդդեմ Հունաստանի, ընդդեմ միգրանտների, հիմա էլ ընդդեմ Հայաստանի թուրքական էքսպանսիոնիզմի դեմ: Մեզ ղեկավարում են ծառաները, որոնք պատրաստ են թուրքական ընկույզով մեկ ափսեի համար «Գորշ գայլեր» դառնալ:

Էրդողանն ու ադրբեջանցի բռնապետ Ալիեւն ասում են. «Մեկ ազգ՝ երկու պետություն»: Նրանք չեն հանդուրժում, որ մեջտեղում կա քրիստոնեական եւ հազարամյա Հայաստան, որը վերապրել է ցեղասպանություն, ինչը նրանք չեն խոստովանում… Եթե թուրքերը կարողանային ջախջախել եւ վտարել հայերին, ո՞վ կարող էր դադարեցնել Եվրոպայում նրանց իշխանությունն ընդլայնելու ցանկությունը:

Հայերն այս պատերազմում մնացին մենակ, բոլորովին մենակ՝ իսլամիստ վարձկանների եւ դաժան վարչակարգերի դեմ՝ վախկոտ Եվրոպայի պատճառով, որի ձեռքերն ու ոտքերը կապված են Թուրքիայի կողմից: Արեւմտյան երկրները ոչ միայն պետք է գնան Կանադայի հետքերով, որը դադարեցրեց զենքի վաճառքը Թուրքիային, այլեւ անհապաղ ճանաչեն Արցախի Հանրապետությունը որպես միջազգային օրենքներով պաշտպանված ինքնիշխան երկիր: Հայաստանը քաղաքակրթության բաստիոն է, որին պետք է պաշտպանել»: