Իրանը ողջունում է ցանկացած քայլը, որը կլուծի Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը և կդադարեցնի Լեռնային Ղարաբաղի կռվում քաղաքացիական բնակչության սպանությունը:

Ինչպես նշում է tasnimnews.com կայքը, այս մասին հայտարարել է Իրանի կառավարության մամուլի խոսնակ Ալի Ռաբիին։

«Ինչպես և նախկինում հայտարարել ենք, մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը կարող է վերջ տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմին, հրադադար հաստատել և կանխել մարդկանց սպանությունը: Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ Իրանի կառավարությունն ցավում է և մտահոգված է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի առնչությամբ․ ընդգծում եմ նման դեպքերից խուսափելու անհրաժեշտությունը, երբ տարածաշրջանային այս երկրների մարդիկ հիմա առավել քան երբևէ խաղաղության և հանգստության կարիք ունեն։ Բարեբախտաբար, դիվանագիտական գործողությունների շնորհիվ պատերազմող երկրները համաձայնել են մարդասիրական հրադադար կնքել: Իհարկե, մենք նաև ականատես ենք եղել դրա սոսկալի  խախտմանը և մարդկանց սպանության դեպքերի»,- նշել է նա:

Ռաբիին հավելել է, որ հակամարտութան սկզբից իրանական կողմը տարածաշրջանի երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկումներ է ունեցել, հայտնել է այս առնչությամբ իր տեսակետն ու միջնորդելու պատրաստակամությունը։

Ռաբիին հույս է հայտնել, որ Իրանի մարդասիրական ջանքերը արդյունք ունենան:

«Տարածաշրջանում մենք այն սակավաթիվ խաղացողներից ենք, որոնք լավ հարաբերություններ ունեն ճգնաժամում ներգրավված բոլոր կողմերի, այդ թվում՝ պատերազմող կողմերի և տարածաշրջանային առանցքային երկրների հետ»,- նշել է նա և հավելել, որ հնարավոր ամեն բան անելու են Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման համար։

Ռաբիին հույս է հայտնել, որ կողմերը կխուսափեն ցանկացած քայլից, որը կարող է ապակայունացնել հրադադարի ռեժիմն ու առաջին քայլերը կանեն դեպի դիվանագիտություն և հրադադար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 14-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 176 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5489 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 31 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։