Իմ հույն գործընկերներն ինձ են փոխանցել Հունաստանի Ագրարային կուսակցության հայտարարությունը՝ ուղղված Եվրոպական խորհրդարանին, ինչպես նաեւ՝ Իսրայելի արտաքին գործերի եւ արդարադատության նախարարություններին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Հայտարարությունում ասվում է. «Հունաստանի AKKEL կուսակցությունը խորապես ցնցված և վրդովված է Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից Արցախում հայերի դեմ ծավալված լայնամասշտաբ պատերազմից։ Այն փաստը, որ Թուրքիան, որը հայերի ցեղասպանությունն էր իրականացրել, այժմ ակտիվորեն սատարում է Ադրբեջանի անօրինական ռազմական գործողությանը, ԵՄ-ին պարտադրում է անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի դեմ, քանզի միայն պատժամիջոցը կարող է չեզոքացնել բարբարոսներին։

Հատկապես ցավալի է այն փաստը, որ Ալիևի ռեժիմը օգտագործում է իսրայելական ընկերությունների կողմից մատակարարվող բազմաթիվ ռազմական զինտեխնիկա եւ համակարգեր։

Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Իսրայելը ռազմական տեխնիկա վաճառում այն ռեժիմին, որն օգտագործում է հայկական խաղաղ բնակչության դեմ։

Հունաստանի Ագրարային կուսակցությունը խնդրում է ձեր անձնական միջամտությունը՝ Արցախում այս պատերազմը դադարեցնելու համար։

Խորհրդային Միության փլուզումից հետո Արցախի հայերը հանրաքվեի միջոցով ազատվեցին ադրբեջանական վարչակարգից և հաղթեցին արյունալի պատերազմում, ինչը այսօր կրկին սկսել է ադրբեջանական կողմը։

Էվանգելոս (Վակիս) Ցիոբանիդիս

AKKEL կուսակցության նախագահ