«Պատերազմն ընդդեմ Արցախի մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով։ Մենք գիտեինք և սպասում էին, հարցն այն էր, թե կոնկրետ որ ժամին և որտեղից կհարձակվի թշնամին։ Արցախի ՊԲ-ն իսկապես առաջին վայրկյաններից հերոսական կռիվ է տալիս։ Թուրք-ադրեբեջանաահաբեկչական վարձկանների դաշինքը ձեռնարկեց ամենաուժգին հարձակումն Արցախի վրա՝ տանկեր, զրահամեքենաներ, հրթիռներ հրետանի, ռազմական օդանավեր, ուղղաթիռներ, անօդաչու բազմապիսի թռչող սարքեր, ահռելի մեծ թվով մարդուժ, ներառյալ՝ մի քանի հազար հատուկջոկատայիններ՝ Թուրքիայից, և, ըստ որոշ տեղեկությունների, Պակիստանից, ինչպես նաև վարձկաններ և ահաբեկիչներ Սիրիայից», -ժողովրդին ուղղված ուղերձում  հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ հակառակորդն առաջին շաբաթվա ընթացքում չունեցավ ոչ մի ռազմավարական և տարածքային հաջողություններ։

«Եվ սա այն պայմաններում, երբ չուներ մատակարարման և մարդուժի ոչ մի սահմանափակում, իսկ Արցախը և Հայաստանը գործում էին, ըստ էության, շրջափակման պայմաններում։ Այս ընթացքում հակառակորդը հսկայական քանակի զինտեխնիկա կորցրեց, մեծ թվով զոհեր տվեց, բայց այդ զոհերի մի մասը վարձկան ահաբեկիչներ էին, ինչն, ամենևին ծանր չէին տանում Ադրբեջանում։ Մինչդեռ, մեր ամեն կաթիլ արյունը մրմուռով է պատում մեզ բոլորիս, էլ չեմ ասում այն ահռելի թվով զոհերը, որ արդեն իսկ ունենք այս պահին», — ասա վարչապետը։

Այս պահին մեր զոհերի թիվը շատ մեծ է, և ես սգում եմ մեր քաջարի նահատակների համար, ովքեր սեփական կյանքով պաշտպանեցին մեր ինքնությունը: «Խոնարհվում եմ հատկապես նրանց մայրերի առաջ: Նրանց կորուստը համարում եմ իմ կորուստը, իմ անձնական կորուստը, իմ ընտանիքի կորուստը»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ հետագա կորուստները կանխելուն էր ուղղված նախորդ ուրբաթ Մոսկվայում ընդունված հայտարարությունը և այդ պրոցեսին հայկական կողմի մասնակցությունը, որը նախատեսում էր հումանիտար հրադադար, դիակների, գերիների և պահվող անձանց ամբողջական փոխանակում, վերադարձ բանակցությունների՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում հարցը շուտափույթ ձևով կարգավարելու տրամաբանությամբ։

Միաժամանակ ըստ վարչապետի՝ Ադրբեջանը ոչ մի վայրկյան հավատարիմ չմնաց հրադադարի պայմանավորվածությանը և մինչ այժմ էլ շարունակում է հարձակումները՝ միևնույն ժամանակ խոչընդոտելով հրադադարի պահպանման մոնիտորինգի մեխանիզմի ձևավորմանը։

«Սա նշանակում է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ ի սկզբանե իր հայտարարած քաղաքական գծին և Լեռնային Ղարաբաղի ամբողջական օկուպացիայի խնդիր է դրել իր առաջ։ Այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել՝ թուրք- ադրբեջանաահաբեկչական նախնական պլանը՝ բլից-կրիգով գրավել Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները, ձախողվել է մեր բանակի հերոսական գեներալների, սպաների, ենթասպաների, սերժանտների, կամավորների, աշխարհազորայինների, մեր պետական կառավարման համակարգի, Արցախի և Հայաստանի Հանրապետության ղեկավարների, կառավարությունների, Ազգային ժողովների, ՏԻՄ և պետական մարմինների համատեղ աշխատանքի շնորհիվ և ջանքերով», — ասաց ՀՀ վարչապետը։

«Սիրելի ժողովուրդ, ՀՀ Արցախի, սփյուռքի հպարտ քաղաքացիներ, պատերազմի 18 օրվա ընթացքում մեր հերոսական զորքերը հյուսիսային և հարավային ուղղություններով նահանջ են ունեցել։ Արցախի ՊԲ-ն, ծանր մարտերով մարդուժի և տեխնիկայի կորուստներ ունենալով, վերահսկողսւթյան տակ է պահում վիճակը, բայց բոլորս պետք է իմանանք, որ ստեղծվել է բավականին ծանր իրադրություն։ Ես սա չեմ ասում հուսահատվելու, այլ ճշմարտության լեզվով խոսելու մեր ժողովրդի հետ՝ ի տարբերություն Ադրբեջանի։ Մենք պետք է մեր անելիքի շուրջ խոսենք է և մեր ազգային համախմբումը քաջալերենք։

Համախմբել ներուժը, հասնել հաղթանակի Արցախի ինքնորոշման ճանաչմամբ։

Այս վճռական պահին մեզնից յուրաքանչյուրը պետք է կենտրոնանա հետևյալի վրա՝ Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը. սա պետք է լինի մեր ջանքերի կիզակետը սփյուռքում և Հայաստանում։ Մենք պիտի հաղթենք, մենք պիտի ապրենք և պետք է կերտենք մեր պատմութունը. մեր նոր էպոսը, մեր հերոսամարտը, մեր Սարդարապատը»,- մասնավորապես նշել է Փաշինյանը։