Ըստ Մեծ Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարանի» հրապարակած հոդվածի՝ Լեռնային Ղարաբաղի մարտերում վերջին շաբաթների ընթացքում մահացել է առնվազն 119 սիրիացի վարձկան, որոնցից 78-ի մարմինները տեղափոխվել են Սիրիա, մյուսները մնացել են Ադրբեջանում:

Կազմակերպության աղբյուրները հայտնել են, որ Թուրքիան դեռ շարունակում է զինյալների հավաքագրելու և նրանց Ադրբեջան ուղարկելու ջանքերը:

«Թուրքական հետախուզությունը ձգտում է հավաքագրել զինյալներին ֆինանսական խթանների միջոցով՝ օգտվելով Թուրքիային այդ խմբակցությունների հավատարմությունից: Այնուամենայնիվ, զինյալներ հավաքագրելու և նրանց Ադրբեջան ուղարկելու փորձերն այլևս հեշտ գործ չեն, ի տարբերություն Լիբիայի: Շատերը հրաժարվում են մեկնել Ադրբեջան՝ ելնելով բազմաթիվ գործոններից, որոնցից, թերևս, գլխավորը դավանաբանական գործոնն է», – նշված է հոդվածում:

Նշենք, որ Ադրբեջան մեկնած սիրիացի զինյալները սունի մահմեդականներ են, իսկ ադրբեջանցիների մեծամասնությունը շիաներ են:

Միևնույն ժամանակ «Մարդու իրավունքների սիրիական դիտարանը» հայտնում է, որ Թուրքիայի կառավարությունը «Սուլթան Մուրադի բրիգադի», «Ալ Համզա դիվիզիայի» և այլ խմբակցությունների շուրջ 400 զինյալի պատրաստվում է ուղարկել Ադրբեջան առաջիկա ժամերի և օրերի ընթացքում:

«Հարկ է նշել, որ Ադրբեջանում գտնվող սիրիացի զինյալների թիվը հասել է գրեթե 1450-ի այն բանից հետո, երբ Թուրքիայի կառավարությունն անցյալ շաբաթ այնտեղ ուղարկեց ևս 250 զինյալի: Նրանց մեծ մասը թուրքմանական արմատներ ունեցող սիրիացիներ են», – նշված է հրապարակման մեջ:

Կազմակերպությունը նշում է, որ Թուրքիայի կառավարությունը սիրիացի վարձկաններին նետել է Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերի մեջ, մինչդեռ նրանց ասվել էր, որ իրենց առաքելությունն էլ լինելու նավթահանքերի և սահմանների պաշտպանությունը: