Լեռնային Ղարաբաղի հարցով Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում ամրագրել է բանակցային ընթացիկ ձևաչափի անփոփոխելիությունը, բայց դա չի նշանակում, որ Լեռնային Ղարաբաղը բացառվում է բանակցություններից: Ռուսական  РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարը բանակցային ձևաչափի անփոփոխելիության վերաբերյալ պայմանավորվածության ձեռք բերումը համարել է Մոսկվայում կայացած բանակցությունների գլխավոր արդյունքը:

«Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթացից բացառել հնարավոր չէ, քանի որ հարցը վերաբերում է հենց Լեռնային Ղարաբաղին, նրա բնակչությանը, որն իշխանություն է ընտրել: Ինչ գնահատական էլ որ հնչեցնի այս առումով ադրբեջանական քարոզչությունը, իրողություններ գոյություն ունեն: Այն, որ Ղարաբաղը բանակցային սեղանին շուրջ չէ, չի նշանակում, որ մենք մեր կողմից չենք աշխատում նրա ներկայացուցիչների հետ: Բայց եթե որևէ մեկը ենթադրում է, թե մենք Ղարաբաղ ենք զանգում և հրամաններ տալիս, ապա նա բացարձակապես չի պատկերացնում Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, մեր կյանքում և մեր հարաբերություններում առկա իրողությունները: Ադրբեջանի քարոզչության մեջ Լեռնային Ղարաբաղի ներգրավման հարցը այդպես սուր է դրված, որովհետև նրանց համար շատ կարևոր է ցույց տալ, որ սա «հայ-ադրբեջանական» հակամարտություն է, որում Ղարաբաղն ընդհանրապես տեղ չունի: Բայց իրողություններն այլ են»,- նկատել է Մնացականյանը:

ՀՀ արտգործնախարարը շեշտել է նաև, որ միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը վերջինի անվտանգության ապահովման կարևոր միջոց է:

«Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը, մեր պատկերացմամբ, առաջին հերթին անվտանգության տևական, կայուն ու ամուր ապահովումն է, այնտեղ ապրոց մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության ապահովումը: Այս հարցում Երևանն ակնկալում է միջազգային հանրության աջակցությունն ու ակտիվ մասնակցությունը: Այսօր մենք շատ բարդ իրավիճակում ենք, երբ Ադրբեջանը փաստացի գնում է հակամարտության ռազմական լուծման ճանապարհով, երբ նրանք փաստացի ոչ միայն ուժի կիրառման սպառնալիք են գործի դրել, այլ նաև հենց ուժ են կիրառել անմիջականորեն և մեծ հարված հասցրել խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը միջազգային հանրության կողմից անվտանգության ապահովման կարևոր միջոց է»,- նշել է նախարարը:

Մնացականյանը նկատել է նաև, որ Թուրքիան ագրեսիվ քաղաքականություն է արտահանում Հարավային Կովկաս՝ ագրեսիվորեն միակողմանի աջակցություն ցույց տալով Ադրբեջանին և ահաբեկիչների տեղակայելով տարածաշրջանում:

«Մեզ նման ակտիվ մասնակցություն բացարձակապես պետք չէ, մենք դա որևէ կերպ չենք կարող ընդունել, առավել ևս՝ ողջունել»,- ընգծել է նախարարը:

Հոկտեմբերի 13-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 173 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5139 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։