Արցախում թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ հարձակման պատճառով 18 օր տևող մարտերում զոհվել են մորաքրոջ որդիներ, 1989 թվականին ծնված Արայիկ Սաֆյանը և 1992 թվականին ծնված Վրեժ Պողոսյանը:

Արայիկը Բռնակոթ գյուղից էր, Վրեժը՝ Ույծ գյուղից, երկու եղբայր ընտրել էին հայրենիքին ծառայելու առաքելությունը, միասին էին ապրում ու ծառայում հայրենիքին:

Արայիկ Սաֆյանը ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, անցել է ծառայության որպես դասակի հրամանատար, այնուհետև՝ վաշտի հրամանատար և արժանացել տասնյակ պատվոգրերի: Եղբայրը՝ Վրեժ Պողոսյանը լեյտենանտ էր:

Արայիկի մայրը՝ Անգին Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում տղային բնութագրում է՝ հոգով ու սրտով հայրենապաշտ: Նշում է՝ Արայիկի եղբայրը՝ Վրեժը, կրթված ու գրագետ տղա էր, պետք է տեղափոխվեր վատառողջ ծնողների մոտ, բայց պատերազմը շուտ սկսվեց:

«Արայիկը շատ երազանքներ ուներ, ընկերուհի ուներ, սակայն չհասցրեց ինձ նրա հետ ծանոթացնել: Շատ կիսատ գործեր ուներ, փորձում էր ամեն ինչ անել, որ ինձ առողջացներ, բայց չկարողացավ: Իմ ծննդյան օրն ինձ գրկեց շատ ամուր, ասաց՝ մամ, լավ է լինելու, հետ եմ գալու, ծնունդդ շնորհավոր, մյուս օրը մեկնեց պատերազմ: Ես միայն մի խնդրանք ունեմ պետության ղեկավարներից՝  իմ մյուս տղային պատերազմ չտանեն, Արայիկի արյունը դեռ չի սառել»,- ցավով նշում է զոհված զինծառայողի մայրը:

Զոհված զինծառայողների բարեկամ Թագուհի Հովհաննիսյանը, հիշելով իր եղբայրներին, պատմում է, որ դեռ փոքր տարիքից Արայիկը որոշել էր զինվորական դառնալ. «Վրեժը մեկուկես տարի է, ինչ  զինվորական է դարձել, ապրում էր Արայիկի տանը՝ Բռնակոթում գյուղում, երկուսն էլ խելացի էին, իրենցից ամեն րոպե կարող էիր սովորել: Արայիկը երեխաներ շատ էր սիրում, սիրում էր զբաղվել նրանց հետ, զրուցել ու բացատրել»: