Ամերիկացի միլիարդատեր եւ բարերար Բիլ Գեյթսը քննադատել է ԱՄՆ-ի արձագանքը կորոնավիրուսին:

«Մեր արձագանքը շատ առումներով վատ է եղել»,-ասել է Microsoft-ի համահիմնադիրը CNBC-ին տվախ հարցազրույցում:

Չհիշատակելով Թրամփի անունը՝ Գեյթսն ասել է, որ ի տարբերություն ԱՄՆ-ի շատ երկրներ շատ ավելի լավ են օգտագործում առօրյա գործիքները, որոնք օգնում են զսպելու կորոնավիրուսի տարածումը: Նա նշել է, որ դա որեւէ կապ չունի քաղաքականության հետ: «Դա զուտ տեխնիկական հարց է: Կառավարությունների մեծ մասն օգտագործում են իրենց գիտնականներին եւ լսում նրանց: Նրանք չեն քննադատում իրենց գիտնականներին»,-ասել է նա:

Գեյթսը նաեւ նշել է, որ սոցիալական միջոցները՝ դիմակ կրելը, սոցիալական հեռավորություն պահելն ու ձեռքերը ախտահանելը, կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնական գործիքներն են, քանի դեռ չեն հայտնվել պատվաստանյութերը կամ դեղամիջոցները:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով վարակվել է կորոնավիրուսով, դիմակ չէր կրում եւ նույնիսկ ծաղրում էր ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին, ով կրում էր դիմակ:

Թրամփն, ով այս շաբաթ վերադարձել է նախընտրական քարոզարշավին, բազմիցս անտեսել է սոցիալական հեռավորություն պահպանելու կարեւորության մասին բժշկական փորձագետների խորհուրդները՝ զանգվածային հավաքներ անցկացնելով: