ԱՄՆ պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող Professional Fellows Program երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագրի 40 շրջանավարտներ նամակով դիմել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին` Արցախի հանրապետության խաղաղ բնակչության հանդեպ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ագրեսիան կանխելու կոչով:

«Պատերազմի մեկնարկից ի վեր Ադրբեջանը` Թուրքիայի անմիջական աջակցությամբ, օգտագործում է կասետային զինամթերք և անդադար հարձակում է գործում խաղաղ բնակչության , քաղաքացիական օբյեկտների և Արցախի Հանրապետության քաղաքների ու գյուղերի վրա: Այս բռնի գործողությունները հանգեցրել են Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության մահվան բազմաթիվ դեպքերի, մարդու իրավունքների լուրջ խախտումների, բնակելի տների և ենթակառուցվածքների ոչնչացման: Քաղաքացիական անձանց ուղղակի թիրախավորումը, Արցախի քաղաքների, այդ թվում հայերի հոգևոր և էթնիկական խորհրդանիշի Ղազանչեցոց եկեղեցու կրկնակի ռմբակոծումը, կասկած չի հարուցում, որ ադրբեջանա-թուրքական բանակը, որին աջակցում են հազարավոր ահաբեկչական վարձկան խմբավորումներ Սիրիայից, հետապնդում է Արցախի հայերի էթնիկական զտման հստակ նպատակ: Ասել է թե ՝ մենք հայերս հերթական անգամ ենթարկվում ենք ցեղասպանության , այս անգամ ՝ Արցախում:
Իրավիճակը մարդասիրական ճգնաժամի եզրին է և պահանջում է միջազգային հանրության անհապաղ միջամտություն` վիժեցնելու հայերի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ցեղասպան պատերազմը:

Հավատարիմ լինելով Հայաստանում և Արցախում ժողովրդավար, օրենքի գերակայության, մարդու արժանապատվության, իրավունքների և ազատությունների հիման վրա անկախ պետություն ստեղծելու գաղափարին ` շրջանավարտները վստահ են, որ ԱՄՆ պետքարտուղարությունը.

1. անհապաղ և ակտիվ գործողություններ կձեռնարկի` դադարեցնելու Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Արցախի Հանրապետության և հայերի դեմ,
2. Կճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը` հարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը,
3. Կկանխի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ահաբեկչության ու ագրեսիայի ուղղակի աջակցությունը»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 14-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 176 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5489 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 31 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։