Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը արցախա-ադրբեջանական շփման գծում հրադադարի պահպանման անհրաժեշտություն է տեսնում:

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, պատրիարք Կիրիլի կարծիքով,  հրադարդարը պետք է օգտագործել այն հակամարտության հարցերի լուծումը քաղաքական հուն տեղափոխելու համար:

«Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները շատ եմ կարևորում: Դիմում եմ երկու երկրի պետական ղեկավարությանը հրադադարն օգտագործելու կոչով՝ հարցերի լուծումը քաղաքական հուն տեղափոխելու համար: Երկու հարևան ժողովուրդների ապագայի համար կոչ եմ անում հրադադարի ռեժիմն օգտագործել խաղաղ բանակցությունների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նա նաև կոչ է արել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշա-Զադեին՝ շարունակել աշխատել Ռուսական ուղղափառ եկեղեցու հետ, որպեսզի դիմակայությունը չդառնա միջկրոնական:

«Այսօր յուրաքանչյուրս առանձին-առանձին և բոլորս միասին պետք է անենք ամեն ինչ, որպեսզի արյունահեղությունն ավարտվի: Կոչով դիմում եմ հակամարտության բոլոր կողմերին՝ խնայեք միմյանց կյանքերը, թող արյունալի հաշվեհարդարի ժամանակաչափը կանգ առնի հանուն խաղաղ ապագայի: Հայաստանը և Ադրբեջանը պատմականորեն եղել են և կլինեն հարևաններ, ադրբեջանցիներն ու հայերն ամեն պարագայում պետք է միմյանց հետ ապրեն կողք կողքի»,- նշել է պատրիարք Կիրիլը։