Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում, տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, դեսպան Ռուբեն Կարապետյանի հանդիպումը Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ  համագործակցության եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք առաջնահերթություններ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում իրադրության շուրջ: Առանձնահատուկ կարեւորվեց Մերձավոր Արեւելքում ազգային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը:

Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զարգացումները՝ ԱԳ նախարարի խորհրդական Ռուբեն Կարապետյանը որպես նորահայտ սպառնալիք որակեց մերձավորարեւելյան տարածաշրջանից օտարերկրյա զինյալ ահաբեկիչ վարձկանների տեղափոխումը՝ այդ առնչությամբ շեշտեց ահաբեկչության դեմ պայքարում ջանքերի համադրման կարեւորությունը: