Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Արման Աբովյանը կարծում է, որ բանակցությունների միջոցով հրադադարի հասնել հնարավոր չէ, քանի որ բանակցությունների մյուս կողմում ոչ ադեկվատ պետություններ են:

«Այսօր պետք է իրերն անվանենք իրենց անուններով, այսօր ոչ թե կոնֆլիկտ է, այլ պատերազմ է, և Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության հետ պատերազմում են միջազգային ահաբեկչության դեմ՝ Թուրքիայի Ադրբեջանի, ահաբեկչական խմբավորումների, սիրիացի վարձկանների դեմ: Պետք է հասկանալ, որ եթե վարում ենք բանակցություններ, այդ բանակցությունները պետք է վարվեն ինչ-որ ադեկվատ կամ գոնե այն պետության հետ, որը պատրաստ է բանակցել և դուրս գալ որոշակի բանակցային ճանապարհի: Սակայն Ադրբեջանը միանշանակ չի տեսնում բանակցությունները որպես հանգուցալուծման տարբերակ»,- Tert.am-ի հետ զրույցում նա հետևյալ կերպ մեկնաբանեց իր տեսակետը։

Ըստ Արման Աբովյանի՝ պարտադիր պետք է անել ամեն ինչ, որ ՌԴ-ի դերը բարձրացնենք բոլոր բանակցային պրոցեսներում:

Խոսելով ՀՀ-ՌԴ հարաբերություններից, պատգամավորն ընդգծեց, որ այդ հարաբերությունները խաթարված են: «Դա ակնհայտ է, նախքան պատերազմը մեր հարաբերությունները խաթարված էին, քանի մենք պատերազմի մեջ ենք, ես չեմ ուզում ավել բան ասել, բայց այո հարաբերությունները բավականին խաթարված են: Հիմա մենք ունենք խնդիր, որ անպայման պետք է այդ հարաբերություններն ամբողջ ծավալով վերականգնենք: Դրա հետ մեկտեղ կարևորագույն խնդիր կա, գոյություն ունի վստահության խնդիր և պետք է, անպայման, այդ խարխլված վստահությունն էլ վերականգնվի»,- ընդգծեց նա:

Ճշտող հարցին՝ քայլեր նկատո՞ւմ է, որ արվում են այդ ուղղությամբ, Աբովյանն ասաց, որ Կառավարության անդամ չէ, չի կարող մեկնաբանել և հավելեց, որ իրենց քաղաքական ուժի և իր կարծիքն այն է, որ պետք է անհապաղ այդ քայլերն իրականացվեն:

Դիտարկմանը, որ, այդուհանդերձ, նկատելի է, որ Եվրոպան լռում է, իսկ ՌԴ-ն ինչ-որ քայլեր գործադրում է, որպեսզի հարթի Արցախում ստեղծված իրավիճակը, այսօր էլ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն է Թուրքիայի ռազմական ղեկավարի հետ զրույցում մտահոգություն հայտնել Արցախում ահաբեկիչների տեղափոխման առնչությամբ, Աբովյանը նշեց.

«ՌԴ-ն ավելի քան հասկանում է այն վտանգը, որ ներկայացնում է սիրիացի վարձկանների ներկայությունն Ադրբեջանում: Հենց այսօր և երեկ արդեն իսկ ահաբեկչական գրոհ է եղել Գրոզնիում, Չեչնիայում, որոնք ոչնչացվել են. ըստ նախնական տվյալների՝ իրենք Սիրիայից էին բերվել: Այսօր Ադրբեջանը Թուրքիայի թեթև ձեռքով դարձել է սիրիացի գրոհայինների տարածք, և այդ ահաբեկչական աղբը տարածվելու է այս շրջանում»:

Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա ըստ պատգամավորի՝ անհրաժեշտություն կա աշխատանքների աշխատանքների կոմպլեքս անհապաղ անցկացնել՝ սկսած վստահության լիարժեք վերականգնումից, վերջացրած տարածաշրջանում Ռուսաստանի դերի էլ ավելի ամրապնդմամբ։

«Մեզ Եվրոպայից պետք չէ այն, որ ինչ-որ թղթեր են գրում, կոչեր են անում, որովհետև այստեղ մենք ենք զոհվում, մեզ պետք են հստակ կոնկրետ քայլեր, գործողություններ, որոնք, ցավոք, այսօր չկան, բացի ՌԴ-ի կողմից արվող քայլերից: Ես համոզված եմ, որ իրավիճակի՝ հայկական կողմի համար դրական հանգուցալուծումը հնարավոր չէ առանց  ՌԴ-ի ակտիվ մասնակցության բոլոր պրոցեսներին, որոնք տեղի են ունենում, սա պետք է հստակ հասկանալ»,- շեշտեց պատգամավորը: