Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Թարիք Յասարևիչը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ( լսել 10-րդ րոպեից-Tert.am), որ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմական դրությունը տարածաշրջանում նպաստել է կորոնավիրուսի տարածմանը:

«Ինչպես նշել ենք` կորոնավիրուսը սահմաններ չի ճանաչում: Հակամարության համար զորքերի մոբիլիզացումը, բնակչության տեղահանումը նպաստում են վիրուսի տարածմանը»,- նշել է Յասարչևիչը և հավելել, որ ԱՀԿ-ն նախինի պես շարունակում է ձեռնարկել և ընդլայնել պետություններում վիրուսի կանխարգելման դեմ միջոցառումները:

Նշվում է, որ Հայաստանում վերջին 14 օրում կորոնավիրուսային հաստատված դեպքերը կրկնապատկվել են, իսկ Ադբեջանում ավելացել են 80 տոկոսով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 13-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 173 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5139 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 542 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։