Ռուս հայտնի հեռուստահաղորդավար, քաղաքական մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը տելեգրամյան իր ալիքում կիսվել է Infoarmenia ալիքի հրապարակած մեկնաբանությամբ, որում անդրադարձ է կատարվում Հայաստանի հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառմանը։

Մասնավորապես, Ստյոպա Սաֆարյանը նախօրեին Ֆեյսբուքում գրել էր․ «ԵՄ-ում համաձայնության են եկել մեկ մարդու՝ Նավալնու թունավորման գործով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում։ Ալիևի ու Էրդողանի ագրեսիոն պատերազմից Արցախում, Հայաստանում ու Ադրբեջանում հազարավոր մարդիկ են մեռնում, իսկ ԵՄ-ն ու Աշխարհը “անկարող են” պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ․․․ »

Մեկնաբանելով Սաֆարյանի այս գրառումը՝ Infoarmenia ալիքը գրել է․ «Հայաստանի ամենահայտնի գրանտակերներից մեկը զարմացած է, թե ինչու Եվրոպան միայն Նավալնիի համար սանկցիաներով պատժում է Ռուսաստանին, իսկ Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ ոչինչ չի ձեռնարկում: Վերջապես արևմտամետ ուղեղից հիվանդները սկսում են հասկանալ, որ Եվրամիությունն ու КО-ն սոսկ հրահրիչներ են, իսկ Թուրքիան նրանց տարանն է կամ հետևակը, անվանեք, ոնց կուզեք»։

Սոլովյովն առանց որեւէ մեկնաբանության իր ալիքում կիսվել է այս հրապարակումով։

Նշենք, որ ռուս հայտնի հաղորդավարը ուշադիր հետեւում է արեւմտամետ հայ գործիչների սոցցանցային ակտիվությանը։ Օրերս էլ նա, կրկին իր տելեգրամյան ալիքում, անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտաքին հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանի «Путин капут в Карабахе» գրառմանը, որը արվել էր սեպտեմբերի 30-ին՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ գործողությունների երրորդ օրը։

Մեկնաբանելով Խառատյանի գրառումը՝ Սոլովյովը գրել է․

««Путин капут в Карабахе». այսպիսի գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում Փաշինյանի արտաքին հարցերի գծով նախկին խորհրդական, հայկական գլխավոր «սորոսիկներից» Արսեն Խառատյանը:

Արսեն Խառատյանը վերջերս մեղադրվում էր Հայաստանի անունից ադրբեջանական էմիսարների հետ Ղարաբաղի հարցով կուլիսային բանակցություններ վարելու համար։

Հայաստանում հակառուսական շարասյունը նույնիսկ այս օրերին օգտագործում է բոլոր մեթոդները եւ հնարավորությունները Ռուսաստանին մահացու բոլոր մեղքերի մեջ մեղադրելու համար:

Եվ ահա Արսենն էլ, որը մեղքից ու պատերaզմից հեռու վերջերս թռել է Վաշինգտոն, որոշել է մի բան էլ ինքն ասել այդ թեմայով: Տղայի լեզուն քոր է գալիս, չի դիմանում»,- գրել է Սոլովյովը:

Այսօր Ստյոպա Սաֆարյանն անդրադարձել է Սոլովյովի հրապարակման վերաբերյալ 168.am կայքի հոդվածին։ Հանրային խորհրդի նախագահը, վերջին շրջանի իր սոցցանցային գրառումներին հատուկ բառապաշարով վիրավորել էր կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանին եւ ներողություն պահանջել ինչպես իրենից, այնպես էլ Վլադիմիր Սոլովյովից՝ նշելով, որ Infoarmenia-ում հրապարակված կարծիքը վերագրվել է Սոլովյովին։ Դրանից հետո 168․am-ը կապ է հաստատել Սոլովյովի հետ, որն ակնարկել է, որ տելեգրամյան իր ալիքում չէր կարող հայտնվել գրառում, որի հետ ինքը համաձայն չէ։

«Իմ ալիքում կա այդ տեքստը: Հեղինակն «Ինֆո Արմենիան» է, իմ խմբագիրները հարմար են գտել դա տեղադրել իմ ալիքում, ո՞րն է խնդիրը: Իմ լրահոսում եղած ինֆորմացիան մենք ֆիլտրում ենք, և որը հարմար ենք գտնում, տեղադրում ենք․․․Իսկ ինչի՞ց է զարմանում․ ի՞նչ է՝ նա գրանտակեր չէ՞»,- ասել է Սոլովյովը։