Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտությունը ֆիզիկապես և հոգեպես հեռու է կանադացիների մեծամասնությունից, սակայն Մոնրեալի բնակիչ, կանադահայ Թալար Չիչմանյանի համար այս պատերազմը 1990-ականներից ի վեր պատուհասած երկրորդ պատերազմն է, որի ժամանակ իր ընտանիքը ստիպված է եղել ձեռքը զենք վերցնել, գրում է CBC-ը։

Ինչպես նշում է աղբյուրը, Չիչմանյանի ամուսինը Մոնրեալից մեկնել է՝ միանալու հայկական զորքերին, որոնք սեպտեմբերի 27-ից կռվում են ադրբեջանական բանակի դեմ։

«Հայկական սփյուռքի անդամները հայտնի են իրենց հայրենիքի հանդեպ նվիրական հավատարմությամբ»,- նկատում է աղբյուրը՝ նշելով, որ շատերի կարծիքով՝ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի հրահրած պատերազմը հայ ժողովրդին կանգնեցրել է Ցեղասպանության հերթական վտանգի առաջ, ուստի՝ կանադահայերը կոչ են անում երկրին ի պաշտպանություն հայ ժողովրդի՝ ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Թուրքիայի հարցում:

«Սովորաբար ես հպարտությամբ եմ ասում, որ կանադացի եմ, բայց վերջին շաբաթվա ընթացքում սարսափելի հիասթափություն եմ ապրում։ Ինձ պետք չեն արտասուքներ Հիշատակի օրը, ինձ պետք է, որ քայլեր ձեռնակվեն հենց այսօր»,- աղբյուրը մեջբերում է Չիչմանյանի խոսքը։

Եվ չնայած հայերը ինտեգրվել են կանադական հասարակությանը, գրում է CBC-ը, կանադահայ Թալինե Զուրիկյանի խոսքով՝ հայ համայնքը միասնական է մնում։

«Մենք չենք ձուլվում», — ասել է Զուրիկյանը, որն օգնել է հինգշաբթի Մոնրեալում բողոքի ակցիա կազմակերպել․ ակցիայի մասնակիցները կանադական լրատվամիջոցներին կոչ են արել ավելի համարժեք արձագանքել ԼՂ-ում տեղի ունեցող հակամարտությանը։

Կոնկորդիայի համալսարանին կից Ցեղասպանության և մարդու իրավունքների ուսումնասիրման ինստիտուտի գործադիր տնօրեն Կայլ Մեթյուն CBC-ի հետ զրույցում Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին համեմատել է Իսրայելի դեմ Գերմանիայի հարձակման հետ:

Նա հայտնել է, որ Թուրքիայի կառավարությունը երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և բանտարկել է բոլոր այն մարդկանց, որոնք փորձել են բարձրաձայնել այդ մասին։

«Ցեղասպանության վերջին փուլը ժխտումն է։ Նման ագրեսիվություն ցուցաբերելով՝ մենք մտավախություն ունենք, որ Թուրքիան ունի թաքնված դրդապատճառներ այս հակամարտությունում։ Այժմ փաստագրական ապացույցներ կան, որ Թուրքիան կրոնական ծայրահեղականներին Սիրիայից Ադրբեջան է տեղափոխել հայկական զորքերի դեմ պայքարելու համար»,- ընդգծել է նա։