Լոս Անջելեսում օրերս անցկացված «Արցախը հարձակման տակ է. խաղաղության երթ» կարգախոսով քայլերթին մասնակցել է 150 հազարից ավելի ցուցարար։ Երթն ընթացել է բոլոր գլխավոր պողոտաներով՝ հասնելով մինչեւ Թուրքիայի հյուպատոսարան։

«Երբ հասանք վերջին հանգրվանին, որտեղ անցանք Լոս Անջելեսի սահմանը դեպի Բեվերլի Հիլզ քաղաք, այնտեղ արդեն հասկացել էին, որ սա մեծ քայլարշավ է։ Լոս Անջելեսի պատմության մեջ նախադեպը չունեցող քայլարշավ», — պատմել է Արեւմտյան Ամերիկայի համահայկական խորհրդի անդամ Վիգեն Հովսեփյանը։

Բազմահազարանոց ցույցը կազմակերպվել է 6 օրում։ Վիգեն Հովսեփյանի խոսքով՝ ցույցի հիմնական նպատակները երեքն են եղել. «Առաջինը միջազգային հանրությանն էր ուղղված, որպեսզի լսելի դարձնեինք հայության ձայնը, եւ ասենք, թե Հայաստանում եւ Արցախում ինչ է կատարվում։ Երկրորդ նպատակը մեր բողոքի ձայնը միջազգային ճանապարհով հասցնելն էր քաղաքական շրջանակներին»։

Հարյուր հազարավոր հայեր քայլերթի ժամանակ պահանջել են անմիջապես ճնշում գործադրել Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա, որպեսզի խաղաղություն տիրի եւ քայլեր ձեռնարկվեն, որպեսզի անկախ Արցախը ճանաչվի։

«Մյուս նպատակն ուղղված էր սահմանին կռվող մեր տղաներին, մեր քաջ բանակին, եւ, ինչու ոչ, մեր հայրենի ժողովրդին՝ ասելու, որ այսօր սփյուռքը հայության երկրորդ բանակն է, խրամատների մեջ է իրենց հետ՝ ուս-ուսի, եվ մենք մեզ բաժին ընկած չափով պատրաստ ենք անել ամեն ինչ՝ նվիրահավաքներից մինչեւ այսպիսի քայլարշավներ, բողոքի երթեր», — ասաց Վիգեն Հովսեփյանը։

Ըստ Հովսեփյանի՝ քայլարշավի ընթացքում նաեւ դրամահավաք է իրականացվել եւ ավելի քան 100 հազար դոլար է հավաքվել. «Պատահականություն չէր, որ մենք այս քայլերթը կոչել էինք հաղթանակի երթ, որովհետեւ մենք համոզված ենք, որ հաղթանակը մերն է լինելու։ Մենք մեր ներդրումը պետք է բերենք այս համընդհանուր կռվում, այս կռիվն ընդհանուր ազգի կռիվն է եւ դրա բաղկացուցիչ մասը ամերկահայությունն է»։