Մենք ողջունում ենք 2020թ հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում տեղի ունեցած ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստին հաջորդած` Հունաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը։ Միջազգային հանրությունը, և հատկապես Թուրքիայի ՆԱՏՕ-ի դաշնակիցները, պետք է առերեսվեն Նախարար Ն․ Դենդիասի կողմից համառոտ և հստակորեն ներկայացված ճշմարտությանը. «տարածաշրջանում բոլոր խնդրահարույց իրավիճակների՝ Լեռնային Ղարաբաղի, Սիրիայի, Լիբիայի, Կիպրոսի, Միջերկրական ծովի Հարավարևելյան տարածաշրջանի ընդհանուր հայտարարը Թուրքիան է… Թուրքիան գործում է որպես տարածաշրջանում խաղաղության և կայունության խաթարող»։ Այս մասին Lragir.am-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։

Ավելի վաղ Ֆրանսիան, Ռուսաստանը, Կանադան և շատ այլ երկրներ հաստատել են Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին պատերազում Թուրքիայի՝ մտահոգություն առաջացնող քաղաքական և ռազմական ներգրավման փաստը։

Արդեն երկու շաբաթ է միջազգային հանրությունը՝ ի դեմս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, Եվրոպական միության, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի՝ ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Ամերիկյան պետությունների կազմակերպության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) նախագահների, տասնյակ երկրների, հոգևոր առաջնորդների, առաջատար համաշխարհային իրավապաշտպան կազմակերպությունների, հարյուրավոր խորհրդարանների, միաբերան հնչեցնում են Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ռազմական գործողությունների ավարտի, մարդու իրավունքների հանդեպ հարգանքի, քաղաքացիական բնակչության պաշտպանության և բանակցությունների վերսկսման հրատապ անհրաժեշտությունը:

«Այնուամենայնիվ, Թուրքիան և առաջին հերթին Թուրքիան շարունակում է մերժել այս կոչերը, ուղղորդելով և հրահրելով Ադրբեջանին շարունակել Արցախի ժողովրդի հանդեպ բարբարոսական և ցեղասպան գործողությունները», – ասել է Մասիս Մայիլյանը։

Փաստորեն, հրադադարից ադրբեջանա-թուրքական հրաժարումը միանշանակ ցույց է տալիս, որ պաշտոնական Անկարան, որը չի հասել դրված նպատակներին ու այդ պատճառով շահագրգռված չէ պատերազմի ավարտմամբ ու տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատմամբ, ձգտում է բոլոր հնարավոր միջոցներով թույլ չտալ մարդասիրական հրադադարի պայմանավորվածությունները, որը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ։ Թուրքիան չի հրաժարվում Ադրբեջանի ու միջազգային ահաբեկիչների ձեռքով Հարավային Կովկասում իր ծավալապաշտական աշխարհաքաղաքական խնդիրները լուծելուց։

Արցախի ԱԳ նախարարը կարծում է, որ այժմ եկել է ժամանակը, որ միջազգային հանրությունը խոսքից անցնի գործի և անի դա վստահորեն, ներառյալ պարտադրանքի ուժով գործողությունները, որպեսզի կանգնեցնի սարսափելի արյունահեղությունը, սանձի Հարավային Կովկաս տարածվող թուրքական էքսպանսիան, միջազգային ահաբեկիչների արտահանումը Եվրոպայի խորհրդի տարածք և Թուրքիայի կողմից միջազգային պարտավորությունների, այդ թվում միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ խախտումները։ Թուրքիայի և Ադրբեջանի ավտորիտար ղեկավարները պետք է պատասխանատվության կանչվեն Միջազգային քրեական դատարանի առջև։

«Մենք հորդորում ենք  քաղաքակիրթ աշխարհին ընտրել պատմության արդար կողմը և նշանակալի գործողություններով պաշտպանել Արցախի ժողովրդի ազատ և անվտանգ ապրելու իրավունքը», – ասել է Մայիլյանը։