Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության աճի ֆոնին Միացյալ Նահանգները ու Թուրքիան հայտնվել են հակամարտության տարբեր կողմերում․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտպանում է Ադրբեջանի հայտարարած նպատակները, իսկ Թրամփը՝ բանակցությունների միջոցով հակամարտության բազմակողմանի կարգավորումը, գրում է Ahval-ը՝ նշելով, որ չնայած ԱՄՆ-ում հայկական ազդեցիկ լոբբիի կոչերին, Սպիտակ տունը հրաժարվել է ընտրել հայկական կողմին և միացել է Ռուսաստանին և Ֆրանսիային, որոնք երկու կողմերին կոչ են անում նստել բանակցության սեղանի շուրջ։

Խոսելով ԼՂ հակամարտությունում Ռուսաստանի դերի մասին՝ հոդվածագիրը նշում է, որ Էրդողանը հասկանում է, որ թեև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը անկողմնակալ մոտեցում է հայտարարել նախկին խորհրդային երկու հանրապետությունների նկատմամբ, այնուհանդերձ, «Մոսկվայի և Երևանի միջև լեզվական, կրոնական և մշակութային կապերը, հավանաբար, Անկարայում և Բաքվում ընկալվում են որպես հակում դեպի Հայաստան»:

Նրա խոսքով՝ այս հակամարտությամ մասնակցությամբ Էրդողանը նաև ցանակնում է իրեն ներկայացնել «որպես ոչ մահմեդականների ձեռքից տառապող բոլոր մահմեդականների ձայն»։

«Էրդողանը սիրում է իրեն պատկերել որպես մահմեդական քաղաքական առաջնորդ, որը հանդես է գալիս և գործում է իսլամատյաց արևմտյան մարդկանց դեմ։ Թեև քրիստոնեությունը ծնվել է Մերձավոր Արևելքում, ինչպես և իսլամը, Էրդողանը բազմիցս ցույց է տվել, որ նա քրիստոնեությունը դիտրում է որպես արևմտյան իմպերիալիզմի արտահայտություն»,- նշում է հոդվածագիրը։

Ինչպես նկատում է հոդվածագիրը, Լեռնային Ղարաբաղում բռնության աճի նկատմամբ նախագահ Էրդողանի մոտեցումը Միացյալ Նահանգների համար ևս մեկ բացասական գործոն է իր ՆԱՏՕ-ի գծով դաշնակցի հետ շարունակվող և ավելի բարդ հարաբերություններում, որն իրեն պահում է որպես մրցակից, եթե ոչ հակառակորդ:

«Ունենալով Կովկասում կամ Անկարայում ազդեցության քիչ լծակներ, ինչպես նաև ԱՄՆ-ում հզոր հայկական լոբբի, Սպիտակ տունը Կրեմլի և Ելիսեյան պալատի հետ բանակցությունների օգտին հանդես գալուց բացի դժվար թե ավելին կարողանա անել: Հրադադարի մասին համաձայնագրի իրագործումը կամ, ավելի շուտ, դրա պահպանումը, մեծապես կախված կլինի Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումից: Ե՛վ Միացյալ Նահանգները, և՛ Ֆրանսիան հիմնականում երկրորդական դեր են խաղում:

Այս պահին, ըստ երևույթին, նախագահ Էրդողանը կասի, թե կողմ է հրադադարին ու բանակցություններին, բայց կշարունակի աջակցել Ալիևին՝ անկախ վերջինիս գործողություններից՝ խորացնելով Թուրքիայի մեկուսացումը Ատլանտյան դաշինքի իր դաշնակիցներից, ինչպես նաև ցույց տալով իր անկախությունը ներքին կողմնակիցներին։ Եվ նա դա կանի, գրեթե չվախենալով ծանր հետևանքներից»,- գրում է հոդվածագիրը՝ հավեվելով, որ ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կամ այլ երկրների կողմից կիրառվող տնտեսական պատժամիջոցներին, ապա դրանք Էրդողանին միայն  թույլ կտան Թուրքիայի ֆինանսական ճգնաժամի մեղքը բարդել ուրիշների վրա։