SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քր օր-ի 196 հոդվածի (հրապարակային սակարկությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելը) և 308 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնական լիազորություները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Արագածոտնի մարզի Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանի նկատմամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է՝ տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իրականացնելով կազմակերպչական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգրվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահին հակառակ և տարբեր ժամանակահատվածներում, համայնքապետարանի աշխատակիցների հետ միասին չարամտորեն խախտել է «հրապարակային սակարկության մասին» ՀՀ օրենքի պահանջները, կազմակերպել ձևական աճուրդ, որին մասնակցել են նրանց ազգականները:

Աճուրդի կայացման գործընթացն իբրև սահմանված կարգով անցկացնելու վերաբերյալ աճուրդի հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի անդամների կողմից նշված անձանց տվյալներով կազմվել է հողամասերի աճուրդով վաճառքին մասնակցելու հայտեր, աճուրդի մասնակցության տեղական վճարի դրամարկղային ելքի օրդերների վերաբերյալ փաստաթղթեր, ինչի արդյունքում նշված գույքը շուկայականից անհամեմատ ցածր գնով օտարվել է այդ անձանց:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

SHAMSHYAN.com-ը պատրաստ է խնդրի վերաբերյալ ներկայացնել Թալինի քաղաքապետ Ս. Արամյանի տեսակետը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: