Իտալիայի նախկին փոխվարչապետ, ՆԳ նախկին նախարար, ներկայում սենատոր Մատեո Սալվինին ԼՂ հակամարտության սրման ֆոնին իր պաշտոնական թվիթերյան էջում աջակցություն է հայտնել Հայաստանին:

«Այսօր ցերեկը ես ևս կլինեմ Մոնտեչիտորիոյի հրապարակում ի աջակցություն հայ ժողովրդի, որն առաջինը զգաց Ցեղասպանության սարսափը և այժմ հետապնդվում է Լեռնային Ղարաբաղում: Եթե ԵՄ-ն ողջամտություն ունի, պաշտպանեք եղբայրներին ՝ Մերձավոր Արևելքում և Կովկասում եվրոպական քաղաքակրթության ֆորպոստին»,-գրել է սենատորը:

Սալվինին իր թվիթերյան գրառմանը կից հրապարակել է ադրբեջանական ագրեսիայից տուժածների լուսանկարները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 13-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 173 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5139 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։