Մենք արձանագրեցինք, որ դրանք ոչ միայն ռազմական գործողություններ են, որոնք նաև Թուրքիայի կողմից են ղեկավարվում, այլև մի քանի առանձնահատկությւոններ ունեն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց « Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն՝ անդրադառնալով ԵԽԽՎ նիստում հայկական պատվիրակության ելույթներին։

«Առաջինը, որ դա  խաղաղ բնակչության նկատմամբ խայտառակ հարձակում էր, մշակութային կոթողները ռմբակոծվեցին։ Առաջին անգամ ես շեշտել եմ, որ սա նաև Թուրքիայի կողմից մասնակցություն է, որը 30 տարիներ ընթացքում էսպես ակնհայտ չի եղել։ Սա տոտալ միջազգային տեռորիզմի դրսևորում է, փաստերը կան։ Իմ վերջին միտքն էն էր, որ Արցախում ապրող հայ ժողովրդի անվտանգության երաշխիքներից մեկը նրա անկախության ճանաչումն է»,- ասաց Միքայել Մելքումյանը։

Արցախի անկախության  ճանաչման գործընթացն, ըստ նրա՝ անհետաձգելի է։

«Առաջիկա օրերի ընթացքում մեր ժողովուրդը, ամբողջ խորհրդարանը պետք է Արցախի ճանաչման գործընթաց սկսենք, հիմա ճիշտ պահն է, սրանից  պատեհ պահ չի կարող լինել, երբ կարմիր գծերը բոլոր կողմերից անցել են»,-ասաց պատգամավորը։

Հարցին, թե դա չի բերի՞ իրավիճակի սրացման, Միքայել Մելքումյանն ասաց, որ  վիճակը հիմա էլ սրված է։

«Էլ ի՞նչ պետք է լինի։ Մենք առաջիկա օրերին պետք է բոլոր ուժերը ներդնենք, որ էդ ճանաչումը լինի»,- ընդգծեց Միքայել Մելքումյանը։

ԲՀԿ-ական պատգամավորի դիտարկմամբ՝ ԵԽԽՎ-ում տարբեր պատվիրակությունների  տրամադրվածությունը՝ արցախյան պատերազմում Թուրքիայի մասնակցությամբ դեմ էին։

«Կարող է մեկի մոտ մի քիչ սուր էր, մյուսի մոտ՝ դիվանագիտական, բայց հիմնականում Թուրքիայի մասնակցության հետ կապված սուր էր»,- ասաց պատգամավորը։