Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) զեկույց է հրապարակել, որում նոր առեւտրային պատերազմի սկիզբ է կանխատեսում տարբեր երկրների կողմից թվային ապրանքների վաճառքի համար հարկ սահմանելու փորձերի պատճառով: Ըստ CNBC-ի` դա կարող է ՀՆԱ-ի տարեկան մեկ տոկոսի կորստի հանգեցնել, հաղորդում է Gazeta-ն:

«Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը նախազգուշացրել է, որ երկրները պետք է համաձայնության գան, հակառակ դեպքում դրանք կարող են հետագայում վնաս հասցնել համաշխարհային տնտեսությանը»,- նշվում է հայտարարության մեջ:

Կազմակերպության տվյալներով` այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Google-ը, Apple-ը, Facebook-ը եւ Amazon-ը, կարողանում են վաճառել իրենց արտադրանքը տարբեր երկրների սպառողներին` կապված չլինելով դրանցից որեւէ մեկին: Ընդ որում, դրանք ձգտում են գրանցվել ցածր հարկային դրույքաչափերով երկրներում, մինչդեռ նրանց արտադրանքը կարող են գնել ցանկացած երկրի քաղաքացիները:

Խնդիրը կարող է լուծվել երկրների միջեւ գլոբալ գործարքի միջոցով, որը կկարգավորի թվային ծառայությունների հարկման կանոնները:

«ՏՀԶԿ-ն հաստատել է, որ այս տարի համաձայնագիր չի լինի, ինչպես նախապես ծրագրված էր: Փոխարենը կազմակերպությունն այժմ նպատակ ունի գործարքը կնքել մինչեւ «2021 թվականի կեսերը»»,- նշվում է հաղորդագրության մեջ: