ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի և Գերմանիայի խորհրդարանականները դրական են գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Մոսկվայի գործադրած ջանքերը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Շատ լավ է, որ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է կարգավորել այս հակամարտությունը»,- նշել է «Սոցիալիստներ, դեմոկրատներ և կանաչներ» խմբի ղեկավար, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն:

Միևնույն ժամանակ նա ուշադրություն է հրավիրել տեղեկությունների վրա, ըստ որոնց՝ Թուրքիան Սիրիայից զինյալներ է ուղարկել հակամարտության գոտի:

«Այն, ինչ անում է Թուրքիան, ահավոր է:Չի կարելի այնտեղ Սիրիայից գրոհայինների ուղարկել, քանի որ նման գործողությունները հակամարտության խաղաղ կարգավորմանը չեն նպաստում»,- ընդգծել է Շվաբեն:

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ժակ Մերը, իր հերթին, մտահոգությունն է հայտնել Եվրոպայի նկատմմաբ հակամարտության հետևանքների հարցով:

«Չի կարող չանհանգստացնել այն փաստը, որ Եվրոպական խորհրդի երկու անդամ (Հայաստանը և Ադրբեջանը) երրորդ երկրի (Թուրքիայի) մասնակցությամբ զինված հակամարտության մեջ են: Հակամարտությունը սարսափելի հետևանքներ է ունենում խաղաղ բնակչության համար»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 13-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 173 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5139 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։