Մինչ հակամարտությունն ակտիվանում է Լեռնային Ղարաբաղում, պայքարը սրվում է նաև Վաշինգտոնում՝ ամերիկացի օրենսդիրների սիրտն ու միտքը շահելու համար: Այս մասին ասվում է The American Conservative պարբերականի հոդվածում:

Ի դեպ, հոդվածագիրը նշում է, որ ամերիկյան մամուլի կարծիքով՝ Ադրբեջանն առավել ակտիվ փիառ-ակցիաներ է իրականացնում, քան Հայաստանը՝ լուրջ գումարներ ծախսելով այդ նպատակի իրագործման համար:

«Մասնավորապես, դրա համար ադրբեջանական կողմն օգտվում է միանգամից 6 ազդեցիկ ընկերությունների ծառայություններից, որոնք ակտիվորեն զբաղվում են ԱՄՆ-ում Բաքվի օգտին հասարակական կարծիքի ձևավորմամբ: Ադրբեջանական շահերի լոբբինգի համար անցյալ մեկ տարվա ընթացքում ծախսվել է մոտ 1.3 մլն դոլար»,-ասվում է հոդվածում:

«Քաղաքացիական բնակչությունը ենթարկվում է բռնության հսկայական ալիքի: Մահանում և վիրավորվում են քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ»,- նշում է հոդվածագիրը՝ ներկայացնելով հակամարտության գոտում տիրող իրավիճակը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 13-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 173 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5139 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։