ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել եւ նշել, որ ինչպես ավելի վաղ խոստացել էր, հոկտեմբերի 11-ին մասնակցել է հայերի բազմահազարանոց բողոքի ակցիային, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսում՝ Թուրքիայի հյուպատոսության առջեւ:

«Այսօր պատիվ ունեի կանգնել հազարավոր մարդկանց կողքին, որոնք Լոս Անջելեսում մասնակցում էին «Երթ հանուն հաղթանակի» ցույցին՝ պահանջելով դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Արցախում և Հայաստանում»,- գրել է կոնգրեսականը:

Հիշեցնենք՝ LAPD-ի տվյալներով՝ շուրջ 170.000 մարդ է մասնակցել այսօր մեկնարկած հաղթական երթին Լոս Անջելեսում: Հայ համայնքին են միացել նաեւ բազմաթիվ ամերիկացիներ, հոգեւորականներ, տեղական կառավարման մարմինների պաշտոնյաներ, կոնգրեսականներ: Հայերին աջակցություն է հայտնել նաեւ Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետտին: