Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարի շարունակվող խախտումների վերաբերյալ:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև՝

«Ի հեճուկս 2020 թ․ հոկտեմբերի 9-10 Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ՝ մարդասիրական նպատակներով ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման համար հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությանը, ադրբեջանական բանակը, գտնվելով Թուրքիայի հրամանատարության և ղեկավարման ներքո, շարունակում է ագրեսիվ գործողությունները և Արցախի տարածքի հրետակոծությունները, այդ թվում՝ խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների վրա։

Մարդասիրական հրադադարը խախտել է ադրբեջանական կողմը` Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կողմից կրակի դադարեցման մասին հայտարարելուց ընդամենը րոպեներ անց։ Ադրբեջանա-թուրքական ուժերը չդադարող հրթիռա-հրետանային գնդակոծությանը զուգահեռ հարձակումներ են ձեռնարկում առաջնագծի տարբեր ուղղություններով։ Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքի ագրեսիվ գործողությունների, այդ թվում՝ մարդասիրական հրադադարի մասին հայտարարելուց հետո Հադրութի ուղղությամբ դիվերսիոն հարձակումների արդյունքում սպանվել է չորս խաղաղ բնակիչ։

Թուրք-ադրբեջանական ուժերի փաստացի հրաժարումը՝ դադարեցնելու կրակը, միանշանակ վկայում է, որ Թուրքիան, չհասնելով իր առջև դրված նպատակներին և այդ պատճառով շահագրգռված չլինելով տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատման մեջ, հնարավոր բոլոր միջոցներով ձգտում է թույլ չտալ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ համաձայնեցված մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածության իրականացումը։ Թուրքիան չի հրաժարվում Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների ձեռքերով Հարավային Կովկասում իր աշխարհաքաղաքական ծավալապաշտական խնդիրները լուծելու փորձերից։

Այս պայմաններում, երբ մի կողմը՝ ի դեմս Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների, համառորեն ընդդիմանում է խաղաղության հաստատմանը, միջազգային հանրությունը պետք է վճռական միջոցներ ձեռնարկի, այդ թվում՝ պարտադրող բնույթի՝ տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար։ Այս ուղղությամբ կարևոր քայլ է նաև Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 11-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4719 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 480 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։