ԱՄՆ Բոստոն քաղաքում նախօրեին հայ համայնքի մասնակցությամբ բողոքի ակցիա է տեղի ունեցել․ հարյուրավոր մասնակիցներ երթով անցել են Բոստոնի կենտրոնով՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել Արցախում խաղաղության հաստատման համար, գրում է Boston news-ը։

Հայ համայնքի ներկայացուցիչները, ծածանելով Հայաստանի և Արցախի դրոշները, կոչ են արել համարժեք արձագանքել թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիային։

«Մենք այստեղ ենք, որպեսզի ուշադրություն հրավիրենք ԼՂ-ում ընթացիկ իրավիճակի վրա։ Ցանկանում ենք մարդկանց տեղեկացնել այդ մասին, մեր ձայնը լսելի դարձնել։ Հայաստանը խաղաղություն է ուզում, հրադադար է ցանկանում։ Հայերը ցանկանում են ապրել իրենց հողի վրա, նրանք այդ հողերի վրա ապրում են դարերով»,- ասել է ցույցի մասնակիցներից մեկը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 11-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4719 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 429 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։