ՌԴ, Իսրայելի քաղաքացի, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԼՂ հակամարտության վերջին սրմանը, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հադրութը գրավելու մասին հայտարարությանը:

«Կա այսպիսի ասացվածք՝ նախ դու աշխատում ես իմիջիդ վրա, այնուհետև իմիջն է աշխատում քեզ համար: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մոտ ամեն ինչ ճիշտ հակառակը ստացվեց. նախ նա տասնամյակներով ստեղծում էր իշխանության ամբողջությամբ փտած և կեղծ ուղղահայաց, իսկ այժմ ինքն է դարձել իր իսկ ստեղծած համակարգի զոհը»,- գրում է Լապշինը:

Ըստ բլոգերի՝ ադրբեջանցի գեներալներն այնքան վստահ են, որ իր պալատում նստած Ալիևը չի վերահսկում իրավիճակը և կտրված է իրականությունից, որ առանց աչք թարթելու ստել են նրան՝ ասելով, որ գրավել են Ղարաբաղի մեծ մասը, ներառյալ Հադրութը:

«Իսկ ինչո՞ւ են կենտրոնացել Հադրութի վրա: Այն պարզ պատճառով, որ այդ քաղաքը գտնվում է դեպի Ստեփանակերտ տանող գլխավոր ճանապարհին, գրում է նա: Այս ամենն ինձ հիշեցրեց 1991-ին գորբաչյովյան Ռուսաստանի պուտչը, երբ Գորբաչյովին գրեթե «մեկուսացրել» էին՝ որպես ԽՍՀՄ նախագահի պարտականությունները կատարելուն անընդունակ անձ, ընդ որում՝ նրա անունից հայտարարություններ և հրամաններ էին տալիս»,- նշում է Լապշինը:

Նրա կարծիքով, ադրբեջանցի գեներալները կարծում էին, որ Ալիևին կարելի է ապատեղեկատվություն հրամցնել, իսկ հետո Ալլահի օգնությամբ իրենք, միևնույնն է, կգրավեն Ղարաբաղը, և այդ ժամանակ իրենց սուտը կհաստատվի:

«Սակայն հետո գործերն այնքան էլ լավ չընթացան, չհաջողվեց գրավել ո՛չ Հադրութը, ո՛չ Ֆիզուլին, ո՛չ Ջաբրայիլը: Իսկ այս ընթացքում Ալիևը շտապում է հայտարարել, որ Հադրութը գրավել են, ինչով վնասում է իր խորամանկ գեներալներին, որոնք խուճապահար և արագորեն ստիպված էին բոլոր ուժերը կենտրոնացնել Հադրութը գրավելու ուղղությամբ: Այդ պատճառով էլ, արհամարելով հրադադարը, փրկելով իրենց անպիտան կյանքերը, ալիևյան գեներալները թուրքական հատուկ ջոկատների մոտ 200 գրոհայինների Սիրիայից իսլամիստների հետ ուղարկել են Հադրութ»,-նշել է Լապշինը:

Նա հավելել է, որ Հադրութը վերցնելու ոչ մի հնարավորություն չկար, սակայն նրանք պետք է գոնե Ադրբեջանի դրոշը բարձրացնեին, տեսագրեին հեռախոսով, այնուհետև փախչեին այնտեղից: Սակայն դա նրանց մոտ չի ստացվել: Հադրութի փողոցներում թողնելով թուրքերի և վարձկանների մոտ 100 դի՝ նրանք փախել են այնտեղից առանց տեսագրելու»,- նշել է բլոգերը՝ հավելելով, որ ադրբեջանցի գեներալներն իրենց պետության ղեկավարին հիմար վիճակում են դրել ամբողջ աշխարհի առաջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 12-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 168 անօդաչու թռչող սարք, 514 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4919 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 429 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։