ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նիստին՝ խոսելով ադրբեջանական ագրեսիայի, Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակավայրերի հրթիռակոծման վերաբերյալ։

Ելույթում Մելքումյանը, մասնավորապես, նշել է.

«Այժմ, երբ մենք ձեզ հետ միասին քննարկում ենք արցախյան հակամարտության հարցը, հենց հիմա Արցախի Հանրապետությունում խաղաղ բնակիչներ, երեխաներ, ծերեր, կանայք եւ այլ մարդիկ ուղղակի զոհվում են ռմբակոծություններից, շատ-շատերը հարյուրներով վիրավորվում են, կորցնում իրենց կացարանները, ավերվում են գյուղեր, քաղաքներ, քաղաքացիական ենթակառուցվածքներ, ամեն ինչ։

Հարց եմ տալիս՝ կարո՞ղ ենք մենք կանգնեցնել այս բարբարոսական ագրեսիան եւ տեռորիզմը, որը նախաձեռնել է Ադրբեջանը՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ։

Ավերել են նաեւ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց մայր եկեղեցին։ Սա այլանդակության ամենաբարձր աստիճանն է։

Հիմա այս ամենը միջազգային բազմաթիվ կոնվենցիաների խախտու՞մ է, մենք կարողանու՞մ ենք դրան տալ հստակ գնահատական, թե՞ ոչ։

Հիմա Եվրոպան ճանաչու՞մ է այն, որ Արցախում պատերազմ է, թե՞ ոչ:

Այժմ արձանագրենք հետեւյալը։

1. Անցած երեսուն տարիների ընթացքում, ինչ առկա է արցախյան խնդիրը, առաջին անգամ Թուրքիան անմիջականորեն մասնակցում է Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմին ։

2. Այժմ Արցախի հետ շփման գծում իրականացվում են տեռորիստական գործողություններ Սիրիայից ներմուծված հազարավոր միջազգային տեռորիստների մասնակցությամբ։ Կան բոլոր ապացույցները դրա վերաբերյալ։

Մենք դեմ ենք, չէ՞, միջազգային տեռորիզմին՝ որտեղ էլ դա տեղի ունենա։ Հիմա ստեղծենք այս առումով միջազգային հակաահաբեկչական կոալիցիա եւ անմիջապես հակազդենք դրան։

Խնդրում եմ, արագ ասեք, ովքե՞ր են միանում եւ ինչպե՞ս ենք հակազդում։

3. Խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ Ադրբեջանի կողմից կիրառվում են կասետային արգելված հրթիռներ, ռումբեր։ Կան հստակ ապացույցներ։

4. Սա ուղղակի հարյուր տարի առաջ Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության շարունակությունն է։ Հանդուրժելու՞ ենք սա, թե՞ ոչ։

5. Եվ քանի որ այս պատերազմական բարբարոսական գործողությունները շարունակվում են, միակ ճիշտ ելքը, որը կտա երաշխիք Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման համար, դա Արցախի անկախության ճանաչումն է, որը լիովին համապատասխանում է Մոնտեվիդեոյի միջազգային հանրահայտ համաձայնագրի պահանջներին՝

— Տվյալ տարածքում մշտական ապրող բնակչություն,

— Ապրելու մշտական տարածք,

— Ընտրված պետական ինստիտուտներ,

— Չճանաչված պետության ոչ մարիոնետ լինելը։

Ճանաչենք Արցախի Հանրապետության անկախությունը եւ կանխենք այսօրվա բարբարոսությունները, ցեղասպանությունը, էթնիկ զտումը»։