Հիմա էլ եմ այն կարծիքին, որ ինձ համար ավելի գրավիչ է ՍԴ դատավորի պաշտոնը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ՍԴ աշխատակարգային նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նորընտիր նախագահ Արման Դիլանյանը։

«Ինչպես նկատում եք այնպես չի որ շատ ոգեւորված եմ, որ ընտրվել ՍԴ նախագահ, որովհետեւ պատկերացնում եմ՝ ինչ տեսակի պատասխանատվություն է եւ ինչ տեսակի աշխատանք է մեզ ապագայում սպասվում»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք ՍԴ-ի ճգնաժամն այս ընտրությամբ հանգուցալուծվե՞ց, Արման Դիլանյանն ասաց. «Ես իմ հայացքներն ուղղում եմ բացառապես ապագա։ Անցյալի հետ կապված գիծ եմ քաշում եւ գնում դեպի ապագա։ Մենք ամեն ինչ անում ենք, որ ունենանք ժողովրդի բացարձակ վստահությունը վայելով ՍԴ»։

Հարցին՝ ինքն ինչպե՞ս է պատկերացնում Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախկին նախագահի հետ համատեղ աշխատանքը՝ Դիլանյանն ասաց. «Իմ կարծիքով՝ չկա դժվարություն, որ հաղթահարելի չլինի»։

Նա նշեց, որ քվեարկությանը մասնակցել են բոլոր 9 դատավորները, իր թեկնածությանը կողմ է քվեարկել 6 դատավոր։

Նշենք, որ ՍԴ աշխատակարգային նիստն ընդմիջվել է, որը կշարունակվի վաղը ժամը 11։00-ին։ Վաղը տեղի կունենա փոխնախագահի ընտրությունը։