Մենք ներքաղաքական օրակարգը սառեցրել ենք, նաեւ 13 քաղաքական ուժերով հայտարարություն ենք արել. Սա պատմական ու կարեւոր ժամանակաշրջան է մեր երկրի համար եւ չպետք է ներքաղաքական օրակարգերով առաջ գնանք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտախորհրդարանական ուժերի միջեւ կայացած հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Հարցին, թե ո՞րն էր այս հանդիպման նպատակը, նա պատասխանեց, որ նպատակների մասին պետք է խոսել վարչապետի կամ նրա ներկայացուցիչների հետ. «Ես ասացի, որ քաղաքական ուժերին հրավեր է եղել. խնդիրը ռազմական գործողություններն են եղել։ Յյուրաքանչյուր քաղաքական ուժ իր կարծիքն է արտահայտել, դրանից ավել ինֆորմացիա չեմ կարող տալ»։

Հարցին, թե արդյոք Արցախի հարցում իրենց տեսակետները համընկնում են վարչապետի տեսակետների հետ, Շարմազանովը պատասխանեց. «Համընկնում են, թե չէ, պետք է հարցնեք իրենք, մենք մեր կարծիքը շատ հստակ ասել ենք՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»։

Ինչ վերաբերում է Արցախի անկախության հարցը քննարկելուն, նա ասաց, որ չի կարող գաղտնազերծել, թե ինչ են քննարկել։ «Պետք է անել հնարավորինս, որ այդ հրադադարի ռեժիմն աշխատի։ Դա իմ անձնական կարծիքն է։ Արցախի անկախության ճանաչումը պետք է արվի այն ժամանակ, որը օգուտ կբերի Հայաստանի դիրքերի ամրապնդմանը, կլինի շարունակական այլ միջազգային ակտորների կողմից»։