Պատկան մարմիններին կոչ ենք անում առանց այն էլ այս լարված օրերին անհարկի քաշքշուկների չենթարկել լրատվամիջոցներին։ Այսպիսի հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի Ժուռնալիստների միությունն ու ավելի քան երկու տասնյակ լրատվամիջոցների ղեկավարներ։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշումը։

2020 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարությունն ընդունել է N 1655-Ն որոշումը ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին, ըստ որի՝ արգելք է սահմանվում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) եւ պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը եւ պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որեւէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակման վրա։

Դրան հաջորդեց այսօր խորհրդարանում ընդունված Վարչական իրավախախտումների վերաբերյալ եւ Քրեական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է համապատասխանաբար վարչական ու քրեական պատասխանատվություն՝ սահմանափակումները խախտելու համար։ Սահմանվել են հսկայական  տուգանքներ, որոնք ԶԼՄ-ների համար կարող են խնդրահարույց լինել մի շարք, այդ թվում՝ համաչափության սկզբունքի տեսանկյունից։

Վերոնշյալ կարգավորումները  լուրջ խոչընդոտներ են ստեղծում ԶԼՄ-ների աշխատանքում, խնդրահարույց են թե՛ տեղեկատվության ազատության ոչ իրավաչափ սահմանափակումների տեսանկյունից, եւ թե՛ նախատեսված սահմանափակումները խախտելու համար սահմանվող պատասխանատվության վերաբերյալ կարգավորումների տեսանկյունից։

Փոփոխությունը խախտում է Սահմանադրությամբ նախատեսված կարծիքի արտահայտման ազատությունը եւ համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին։

ՀՀ Սահմանադրության 76-րդ հոդվածի իմաստով ռազմական դրության ժամանակ թույլատրելի են հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը` արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում:

Նշվածից բխում է, որ Սահմանադիրը չի թույլատրում հիմնական իրավունքների եւ ազատությունների բացարձակ արգելք, ըստ այդմ, սահմանափակումները կարող են կիրառվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը։