ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հայտարարության ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը շեշտել է, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժել են խաղաղ բնակիչներ, քաղաքացիական ենթակառուցվածքներ ու օբյեկտներ:

«Այն, ինչին այսօր բախվել են մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղում, հանդիսանում է էքսզիստենցիալ սպառնալիք, որը հասունացել է մի քանի տասնյակ տարի: Սեպտեմբերի քսանյոթից, և պետք է նշեմ, որ դա շարունակվում է նաև մինչ օրս, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լայնամասշտաբ ագրեսիա է իրականացնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ: Ընդ որում՝ բացահայտ կերպով ցուցադրում է ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու և Արցախի ժողովրդի ֆիզիկական բնաջնջման իր իրական նպատակները: Գործողությունների նման ցեղասպանական ձևը տարբերություն չի դնում զինվորականների և խաղաղ բնակչության միջև:

Ավելին ասեմ՝ այդ գործողություններն առաջին հերթին ուղղված են խաղաղ բնակչությանը թիրախավորելուն: Ռազմական ագրեսիայի իրագործման ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել Արցախի ավելի քան հարյուր քսան քաղաքացիական բնակավայրի վրա, այդ թվում են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, Հադրութը, Մարտակերտը, Մարտունին և այլն: Ադրբեջանի հարձակման տարածքում ռազմական օբյեկտների բացակայությունը հերթական անգամ հաստատում է Ադրբեջանի իրական մտադրությունը, որը հավասարազոր է ռազմական հանցագործության: Ավիացիայի գործածման, ներառյալ Թուրքիայի ավիացիայի աջակցությունը, ԱԹՍ-ների, ծանր հրետանու, հրթիռային, տանկային ստորաբաժանումների հարվածների հետևանքով կան բազմաթիվ զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում: Կան շատ զոհեր, վիրավորներ՝ Ադրբեջանի կողմից կասետային զինամթերքի կիրառման հետևանքով:

Հոկտեմբերի 10-ի դրությամբ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով զոհվել է քսաներեք խաղաղ բնակիչ, ավելի քան հարյուր բնակիչ ստացել է վիրավորումներ, 81-ը՝ ծանր: Ագրեսիայի հետևանքով մեծապես ավելացել է պարտադրված գաղթականների թիվը: Նրանց մի մասը տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրեր, ոմանք էլ հաստատվել են Արցախում: Հսկայական վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին, բնակֆոնդին: Գրեթե 6000 քաղաքացիական օբյեկտ՝ բնակարաններ, խանութներ և այլն, ոչնչացվել են կամ վնասվել: Ավելի քան 960 օբյեկտ՝ ենթակառուցվածքներ, արտադրական ձեռնարկություններ, էներգամատակարարում, ջրամատակարարում, կապի միջոցներ, կամուրջներ, դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի տներ, ամբողջությամբ ավերվել են, այդ թվում՝ էներգետիկ ենթակառուցվածքի 25 կարևոր օբյեկտ: Հատուկ բարբարոսությամբ է առանձնանում եկեղեցու, պատմամշակութային հաստատությունների ծրագրված ոչնչացումը»,- ասաց Մնացականյանը: