Հինգ մարդ է զոհվել Ֆրանսիայի կենտրոնական մասի հյուսիսում գտնվող Էնդր-Լուարա վարչական շրջանում մարդատար ինքնաթիռի եւ գերթեթեւ օդանավի բախման հետեւանքով, հայտնում է Nouvelle Republique թերթը:

Վթարը տեղի է ունեցել շաբաթ օրը, տեղական ժամանակով մոտ 17.00-ին, Լոշ կոմունայի կենտրոնի մոտ: Թեթեւ օդանավում եղել է երկու, իսկ զբոսաշրջայինում՝ երեք մարդ: Այս տեղեկությունը հաստատել է քաղաքապետ Մարկ Անժենոն:

Թերթը նշում է, որ բախման պատճառները դեռեւս հայտնի չեն: Այժմ դեպքի վայրում են մոտ 40 հրշեջներ եւ 20 ժանդարմներ: Իրավապահները շրջափակել են պատահարի վայրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Bleu Radio ռադիոկայանը, վկայակոչելով քաղաքապետին, հայտնում է, որ երկու ինքնաթիռներն ընկել են այգու տարածքում: Պրեֆեկտուրայից Agence France-Presse-ին հայտարարել են, որ զբոսաշրջային օդանավը Diamond DA40 մարդատար ինքնաթիռ է: