Սեպտեմբերի 27-ից սկսած թուրք-ադրբեջանական հարձակումների պատճառով զոհված զինծառայողներից Էրիկ Ազատյանը, Գևորգ Հունանյանն ու Հրաչ Մաթոսյանը Շիրակի մարզի Ազատան համայնքից էին։ Համայնքապետ Վարդան Իկիլիկյանը Irakanum.am-ի հետ զրույցում պատմեց, որ զոհված զինծառայողներին շատ լավ էր ճանաչում, համայնքում բոլորի կողմից սիրված երիտասարդներ էին։

Էրիկ Ազատյանը նախորդ տարի էր զորակոչվել բանակ։ Արցախում՝ նույն զորամասում ծառայում էր հարազատ եղբոր հետ։ Թշնամու սանձազերծած ռազմական գործողությունները ցավոք խլեցին 19 ամյա Էրիկի կյանքը։ «Էրիկը մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ, եղբայրն էլ էր հետը ծառայում։ Դաստիարակված, իրար հասնող ախպերներ էին։ Համայնքում ապրում էին ծնողների և տատիկի հետ։ Հայրը արտագնա աշխատանքի էր գնում, սովորական ապրող ընտանիքից էր»,-ասաց համայնքապետը։ Մինչեւ բանակ զորակոչվելը Էրիկն ու եղբայրը ընտանիքին օգնել են՝ կատարելով գյուղատնտեսական աշխատանքներ։ «Օրինակելի երեխա էր, եւ դպրոցում էր խելոք, շնորհքով և համայնքում»,-տեղեկացրեց Վարդան Իկիլիկյանը։

Ազատան համայնքից էր նաեւ զոհված ժամկետային զինծառայող Գևորգ Հունանյանը։ «Գևորգը զոհվել է ավելի ուշ, Էրիկը՝ պատերազմի մեկնարկից հետո։ Սակայն դին չկար, երկու օր առաջ են ասել ծնողներին։ Դին չկար, ոչ մեկս չէինք ուզում հավատալ, որ Էիկը չկա․․․։ Գևորգն էլ շատ համեստ, խելացի տղա էր։ Գյուղում ապրում էր ծնողների հետ։ Ուներ իրենից մեծ եղբայր»,-ասաց համայնքապետը։

Վարդան Իկիլիկյանն ասաց, որ համայնքում փոքրիկ պանթեոն են կառուցելու, որտեղ կհուղարկավորեն Ազատան համայնքի հերոսներին։ Վաղը՝ Էրիկին ու Գևորգին կհուղարկավորեն, զոհված երրորդ զինծառայողի դին դեռեւս գյուղ չեն տեղափոխել։

Գյուղապետն ասաց, որ դիմել են Պաշտպանության նախարարությանը, որպեսզի Էրիկի եղբայրը, ով մեկ տարի եղբոր հետ ծառայել է, թույլատրեն վերջին հրաժեշտը տալ նրան։ Էրիկի մայրը որդու կորստի հետ չի հաշտվում, բանակ ուղարկել էր երկուսին՝ ցավոք նրանցից կրտսերը զոհվեց հայրենիքի պաշտպանության ժամանակ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 11-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4719 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 429 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել։

Irakanum.am