«Հորիզոն»-ի նկարահանող խումբն Արցախում առանձնազրույց է ունեցել Արցախի նախագահի մամուլի քարտուղարի հետ։ Արտյոմ Երկանյանը Վահրամ Պողոսյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք հաստատվել են Հադրութից եկող այն տեղեկությունները, որ առաջնագծում «Ալլահ աքբար» և արաբերեն այլ գոչյուններ կիրառող գրոհայիններ կան։

«Այո, նման տեղեկություն կա, գրոհայինները հարձակման ընթացքում կրոնական տարբեր արտահայտություններ էին գոռում»,- ասել է Վահրամ Պողոսյանը։

Ըստ նրա՝ տեղեկություններ են ստացվել նաև, որ հենց այդ գրոհայիններն են հարձակվել ու նրանք առաջին իսկ հանդիպած առանձնատները հրկիզողներն են։

«2016թ․-ի ցավալի պատմությունը, որ տեղի ունեցավ Թալիշում, մենք ունեցանք նաև այս անգամ՝ Հադրութում, քանի որ նրանք մի առանձնատան մեջ սպանեցին անպաշտպան մորը և նրա հաշմանդամ որդուն»,- փաստել է Պողոսյանը։

«Այդ գրոհայինների ջախջախման մասին տեղեկություններ են շրջանառվում, արդյո՞ք հաստատվել է դրանց իսկությունը»․-հարցրել է Երկանյանը։

«Իհարկե, պաշտպանության բանակն անմիջապես անցել է համապատասխան գործողությունների և վնասազերծել է հակառակորդի գրոհային ջոկատը»,- վստահեցրել է Վահրամ Պողոսյանը։