Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի կարծիքով հավաքականն Ազգերի լիգայի որակավորման երրորդ տուրում կփորձի անակնկալի բերել վրացիներին:

Նախախաղային ասուլիսի ժամանակ Մխիթարյանը խոսել է հավաքականի շարքերը նոր համալրած Վահան Բիչախչյանի մասին` շեշտելով. «Առաջին անգամ եմ նրա հետ մարզվում: Լավ տպավորություն է թողել, տաղանդավոր ֆուտբոլիստ է: Հուսով եմ, որ իր վրա ավելի շատ կաշխատի: Զգացնել է տալիս, որ բուռն ցանկություն ունի լավ խաղալու: Ասել եմ, որ կանգ չառնի ձեռքբերածով»:

Խոսելով հավաքական հրավիրված 10 նոր ֆուտբոլիստների մասին` Մխիթարյանը շեշտեց, որ նրանք, ովքեր այսօր ներկա են հավաքին, փորձելու են իրենց ներդրումն ունենալ հաղթանակի հասնելու գործում:

«Մեզնից ինչ կախվածն անելու ենք, որ բարելավենք մրցաշարային աղյուսակում մեր դիրքը:  Հենց առաջին օրից էլ շատ բան ենք սովորել պարոն Կապառոսից: Նա շատ լավ և ուժեղ մասնագետ է, որն արդեն ապացուցել է դա: Հաճելի մարզումներ ենք անցկացնում և հույս ունեմ, որ Կապառոսը մեծ օգուտ կտա հավաքականին»,-ասել է կիսապատշպանը:

Անդրադառնալով առաջիկա մրցակցին` Վրաստանի ընտրանուն, Մխիթարյանը փաստեց, որ մրցակցին լավ վերլուծել են և ծանոթ են նրանց: «Վերջին մի քանի հանդիպումներում Վրաստանի ընտրանին լավ է հանդես եկել, բայց դա ոչինչ չի նշանակում: Փորձելու ենք Վրաստանին անակնկալի բերել` խաղալ մեր խաղը և հաջողության հասնել»,-եզրափակեց Մխիթարյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ազգերի լիգայի հոկտեմբերի 11-ին նախատեսված Հայաստան-Վրաստան հանդիպման վայրը փոխվել է ՈՒԵՖԱ-ի նախաձեռնությամբ: Հանդիպումը կկայանա նույն օրը Լեհաստանի Տիխի քաղաքում։ Ինչպես և Հայաստան-Ալբանիա հանդիպման դեպքում, ՈՒԵՖԱ-ն որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերջին օրերի բանակցությունների ընթացքում վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը հանդիպումն անցկացնել Երևանում։

Նշենք, որ Հայաստանի իշխանությունները դեռևս նախորդ շաբաթ անվտանգության երաշխիքները հավաստող պաշտոնական գրություն էին տրամադրել ՈՒԵՖԱ-ի ղեկավարությանը։  ՀՖՖ-ն, իր հերթին, պնդել է, որ պատրաստ է Հայաստան-Վրաստան հանդիպումն անցկացնել սեփական հարկի տակ՝ հաշվի առնելով տրված երաշխիքները, սակայն ՈՒԵՖԱ-ն այլ որոշում է կայացրել։ Հանդիպումը կանցկացվի առանց հանդիսատեսների։ Հոկտեմբերի 14-ին Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի հավաքականը Տալինում կմրցի Էստոնիայի ընտրանու հետ։