Ընդդիմությունից Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ուղերձ է հղել՝ ի աջակցություն ցուցարար բելառուսուհիների:

Ուղերձը նա հրապարակել է իր  Telegram-ալիքում:

«Հարգելի՛ իմ բելառուսուհիներ, մայրեր, դուստրեր, տատիկներ, թոռներ. ես անսահման շնորհակալ եմ Ձեզ Ձեր խիզախության համար, որը դուք դրսեւորում եք հայրենիքում ազատ ապրելու Ձեր իրավունքի համար: Հենց դուք եք ամբողջ աշխարհին ցույց տալիս խաղաղ ցույցի ուժը: Հենց Ձեր արժանապատվությունը, գեղեցկությունն ու սերն է մերկացրել անօրինության տգեղությունը: Շաբաթ օրը դուք միայնակ չեք լինի, աշխարհի ավելի քան 20 երկրների կանայք իրենց քաղաքների փողոցներ դուրս կգան՝ ի աջակցություն Ձեզ: Կոչ եմ անում ակցիային միանալ նաեւ մյուս երկրներին: Մենք շատ ենք, եւ միասին մենք կփոխենք աշխարհը»,-ասվում է ուղերձում: