Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների սինոդալ բաժնի վարիչ, Վոլոկոլամյան մետրոպոլիտ Իլարիոնը (Ալֆեև) հայտարարել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստ է շարունակել մասնակցել Հայ առաքելական եկեղեցու և Կովկասի մուսուլմանների վարչության միջև ծավալվող բանակցություններին, որպեսզի թույլ չտա, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը իսլամի և քրիստոնեության միջև առճակատման վերածվի, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նրա խոսքով՝ Ռուս ուղղափառ եկեղեցին տարիներ շարունակ Կովկասի մահմեդականների հոգևոր վարչակազմի ղեկավարի և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի միջև եղած բանակցություններում միջնորդի դեր է կատարել: Նշվում է, որ այս հակամարտության ողջ ընթացքում եռակողմ բանակցությունները շարունակվել են, քանի որ «չափազանց անհրաժեշտ է եղել թույլ չտալ, որ այն միջկրոնական հակամարտության վերածվի»:

«Քաղաքական հողի վրա ստեղծված այս հակամարտության հիմքում ընկած է տարածքային վեճ, և չի կարելի թույլ տալ, որ այն քրիստոնեության և իսլամի միջև առճակատման վերածվի: Ռուս ուղղափառ եկեղեցին այժմ էլ պատրաստ է մասնակցել այս խաղաղապահ առաքելությանը և նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ Մոսկվայում ավելի քան 11 ժամ տևած խորհրդատվական բանակցություններից հետո ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կողմերի միջև ձեռք է բերվել մարդասիրական նպատակներով հրադադարի համաձայնություն:

Լավրովը ներկայացրել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների համատեղ հայտարարությունը, ըստ որի.

Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.

1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։

2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։

3.Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։

4.Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 415 զոհ։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։