ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ գտնվում է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում ադրբեջանական հրթիռակոծությունից ծանր վիրավորում ստացած, և այսօր գիտակցության եկած  ռուս լրագրող Յուրի Կոտենոկը:

Այս մասին Թաթոյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում:

«Էրեբունի» բժշկական կենտրոն այսօրվա իմ այցի ընթացքում վերակենդանացման բաժանմունքում գտնվող լրագրողը, որ ծանր վիրավորում էր ստացել, խնդրեց բոլորին փոխանցեմ, որ իր աչքերով է տեսել՝ ինչպես է թիրախային հարվածը հասցվում Մայր տաճարին ու որ տաճարում եղել են բացառապես երեխաներ, կանայք ու տարեցներ:

Իրենք լրագրողներով առաջին հարվածից անմիջապես հետո փորձել են օգնել ու եկեղեցուց դուրս բերել խաղաղ բնակիչներին, որոնց մի մասը վիրավորումներ էին ստացել, սակայն այդ պահին երկրորդ հրթիռն է հարվածել, որի պատճառով արդեն լրագրողներն են ստացել վիրավորումներ, իսկ վայրագ հարվածներով եկեցուն պատճառվել են ավերածություններ: Լրագրողը պատմեց նաև, որ ինքն է հավաստիացել, որ Շուշի քաղաքի ճանապարհին չի եղել որևէ ռազմական օբյեկտ, բացառապես քաղաքացիական բնակավայրեր են»,-ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, Արցախի Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին ադրբեջանական զինված ուժերը հասցրին երկու թիրախային հարված հոկտեմբերի 8-ին՝ պատճառելով մեծ ավերվածություն և վիրավորումներ այդ պահին տաճարում գտնվող երեխաներին, կանանց ու տարեցներին: Հրթիռային հարվածների հոտևանքով վիրավորումներ էր ստացել 3 ռուս լրագրող:

 Տպել
546 դիտում