Մոսկովյան Քարնեգի կենտրոնի վերլուծաբանները տեսլական են ներկայացրել՝ անդրադառնալով Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու շահերի բախումներին՝ կապված ԼՂ հակամարտության գոտում ծավալվող իրադարձությունների հետ:

«Վերջին տարիներին բոլորը սովորել են Ռուսաստանին և Թուրքիային տեսնել բարիկադների մի կողմում, որի հակառակ կողմում ԱՄՆ-ն և Եվրոպան են: Սիրիայում և Լիբիայում Պուտինը և Էրդողանը կարող են տարբեր շահեր և դաշնակցներ ունենալ, սակայն միմյանց հետ պայմանավորվելն իրենց համար շատ ավելի հեշտ է, քան Արևմուտքի հետ:

Սակայն Լեռնային Ղարաբաղում այլ կերպ է ստացվել: Ռուսաստանն ու Արևմուտքը միասին կոչ են անում Ադրբեջանին դադարեցնել հարձակումը, իսկ Թուրքիան, ընդհակառակը, սրում է հակամարտությունը: Անկարան անմիջականորեն առաջարկում է Մոսկվային նստել և ամեն ինչ լուծել «ինչպես Սիրիայում», սակայն ռուսաստանյան ղեկավարությունը չի արձագանքում թուրքական նախաձեռնությանը: Չէ որ խոսքն Անդրկովկասի մասին է, տարածաշրջանի, որտեղ Ռուսաստանը սեփական շահերի դաշտն ունի»,- ասվում է վերլուծական հոդվածում:

Հոդվածում նշվում է, որ Կրեմլում, այնուամենայնիվ, չեն ցանկանում բացեիբաց վիճել Էրդողանի հետ, որի հետ գործընկերական հարաբերությունների կառուցման վրա այնքան ժամանակ է ծախսվել:

«Էրդողանը փորձում է Պուտինն ներքաշել ղարաբաղյան հարցով երկկոսության մեջ, ինչպիսին, որ վարվում է Լիբիայի կամ Սիրիայի հարցով: Մինչդեռ Ռուսաստանի իշխանությունները փորձում են Անկարայի գործողությունների մասին խոսել շատ զգուշորեն: Պեսկովը (ՌԴ նախագահի մամուլի խոսնակ-Tert.am) հստակ նշում է, որ «ցանկացած հայտարարություն կողմերից մեկին ռազմական աջակցություն տրամադրելու մասին» սադրիչ և վնասակար է»,- ընդգծում են վերլուծաբանները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 415 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը պարբերաբար և տարբեր ուղղություններով շարունակում է հրետակոծությունը։