Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ով օգնել է ադրբեջանական գնդակոծության արդյունքում վիրավորված ֆրանսիացի լրագրողին:

«Դա մեկ շաբաթ առաջ էր. Ալլան Կավալն (Allan Kaval) ու Ռաֆայել Յաղոբզադեն (Rafael Yaghobzadeh), ովքեր լրջորեն տուժել էին հրետանային ռմբակոծությունից Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում, տարհանվեցին Ֆրանսիա` Ստեփանակերտի եւ Երեւանի միջոցով Մարտունուց Փարիզ իրականացված հիանալի մարդասիրական գործողությունների շնորհիվ: Ես երբեք չեմ մոռանա այն հուզմունքն Էրեբունի հիվանդանոցում, մինչ սպասում էի ուղղաթիռի ժամանմանը: Ես երբեք չեմ մոռանա թեթեւությունն ինքնաթիռի մեկնելուց հետո: Ես երբեք չեմ մոռանա այն վերակենդանացման բաժանմունքը, որտեղ մեր լրագրողների կողքին էին ճակատից բերված երիտասարդ վիրավորները, ովքեր ամբողջ կյանքի ընթացքում իրենց վրա կկրեն վերապրածը:

Շնորհակալություն եմ հայտնում նրանց, ով իրենց բոլեր ջանքերը ներդրեցին այս օպերացիայի համար եւ նոր էջ գրեցին Ֆրանսիայի եւ Հայաստանի համերաշխության պատմության մեջ»,- գրել է Ֆրանսիայի դեսպանն իր ֆեյսբուքյան էջին: