SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ հոկտեմբերի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ շտաօգնության բրիգադը կանչով մեկնել է Հաղթանակի պողոտայում գտնվող այգի, որտեղ հայտնաբերել են տղամադու դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ՝ 59-ամյա Ռուբեն Բ-ն էր, ու դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ որովայնի շրջանում ծակված-թափանցող արյունոտ վերք կա։

Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզային վարչության քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվում է քրեական գործ։

Շիրակի մարզային քննչական վարչության ծառայողները, տաք հետքերով իրացնելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ բժիշկների ստացած կանչից կարճ ժամանակ առաջ Հաղթանակի պողոտայի այգում Գյումրիի բնակիչներ՝ 43-ամյա Արսեն Թումանյանը և 41-ամյա Աշոտ Թումանյանը վիճաբանել են Ռուբեն Բ-ի հետ, որի ժամանակ էլ, ըստ նախնական տեղեկությունների, Արսեն Թ-ն դանակով հարվածել է Ռուբեն Բ-ի որովայնին, ապա դեպքի վայրից Ա. և Ա. Թումանյանները դիմել են փախուստի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Շիրակի մարզի քննչական վարչության քննիչները կարողացել են նաև կարճ ժամանակում հայտնաբերել Ա. և Ա. Թումանյաններին, ովքեր քննիչի որոշմամբ որպես կասկածյալներ՝ ձերբակալվել են։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արսեն և Աշոտ Թումանյանները հարազատ եղբայրներ են, Արսեն Թումանյանը նախկինում եղել է 4 անգամ դատապարտված, իսկ Աշոտ Թումանյանը ևս նախկինում դատապարտված է եղել։