«Զինուժ» մեդիան հրապարակել է տեսանյութ, որում առաջնագծում 12 օր շարունակ կռված եւ սխրագործություններով աչքի ընկած զինվորները  մանրամասներ են պատմում։

«Առաջինը հրետանու կրակն է եղել, մեզ զեկուցեցին, որ մեր ուղղությամբ հարձակվում են, մենք թաքստոցում էինք էդ պահին, էլ ոչ  մի բան մեր աչքին չէր երեւում։ Առանց հաշվի առնելու հրետային կրակը դուրս ենք եկել խրամատ, դիրքավորվել ու ծանր զենքերով կրակ ենք բացել հակառակորդի ուղղությամբ, 10-15 զոհ տվեցին, տեսնելով, որ չեն կարողանում գալ մեր ուղղությամբ, ստիպված փախան»,- պատմում է զինվորներից մեկն ու շարունակում․

«Երբ որ հետ ենք նայում եւ տեսնում, որ Արցախն ու Հայաստանը մեր մեջքին կանգնած են, ամբողջ քաղաքների ու գյուղերի լուսերը վառվում են, ու նայում ես հակառակորդի կողմը, աչքերիդ առաջ էլ բան չի երեւում, մենակ հակառակորդն է երեւում»։

Մեկ այլ  զինվոր  պատմում է, թե ինչպես է հաղթահարել վախը. «Սկսեցի մտածել կողքիս ընկերների մասին, նայում էի իրենց ու հասկանում՝ ինչո՞ւ պետք է կռվեմ, ինչո՞ւ պետք է մինչեւ վերջին շունչը ամեն ինչ անեմ»։

12-օրյա ռազմական գործողություններից հետո էլ զինվորները հանգիստ նստել չեն կարողանում, անհամբեր սպասում են, թե երբ պետք է էլի առաջնագիծ մեկնեն։

«Հիմա էլ ուզում ենք շուտ բարձրանալ վերեւ, որ մեր ընկերների կողքը լինենք, ինչով կարող ենք օգնել»,- ասաց զինվորներից մեկը։