Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը չի բացառել հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երկու երկրների նախնական բանակցությունների ժամանակ, եթե Անկարան դադարեցնի սադրանքները Էգեյան ծովում եւ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում:
Ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում նա նշել է, որ Գերմանիայի միջնորդությամբ երկու կողմերը պայմանավորվել են վերսկսել բանակցություններն այն պահից, որտեղից դադարեցրել էին 2016-ի մարտին: «Թույլ տվեք պարզաբանել, որ այս բանակցությունների թեման, ինչպես եւ նախորդ փուլերում, անփոփոխ է մնում. դա ծովային գոտիների սահմանազատումն է»,- մեջբերում է նրան թերթը:

Նրա խոսքով` հանդիպումները կարող են անցկացվել արտգործնախարարների մակարդակով եւ նույնիսկ` Միցոտակիսի եւ Էրդողանի միջեւ: Նա պարզաբանել է, որ նման հանդիպում դեռ նախատեսված չէ: «Կրկնում եմ, որ մենք կարող ենք դիտարկել այդ տարբերակները միայն այն դեպքում, եթե Թուրքիան դադարեցնի սադրանքները»,- հավելել է նա: