Հույս ունենանք, որ լավագույն տարբերակով արդյունք կունենանք եւ դրա համար օր ու գիշեր արվում է ամեն ինչ։ Այս մասին այսօր ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով այօսր Ռուսաստանում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների կայանալիք խորհրդակցություններին։

«Կառավարության եւ մեր կուսակցության աշխատանքը ժամ ու պատարագ չունի։ Քանի օր է մենք ռազմաճակատի դիվանագիտական մասը ապահովում ենք։ Տեսնելով միջազգային մամուլի, միջազգային քաղաքական գործիչների կարող եմ ասել, որ այդ մասով մենք միանշանակ հաջողել ենք։ Աշխարհն արդեն նույնիսկ կանգնած է այն բանի եզրին, որ որոշ երկրներ չեն թաքցնում իրենց համակրանքը, վերաբերմունքը։ Եվրոպայի խորհրդի ելույթներն երբեւիցե եղած ամենադրական արձագանքներն են։ Եվս մի կարեւոր փաստ․ դա Ռուսաստանի դերակատարումն է, այն  բոլոր սակարկումները, ստահոդ լուրերը, որոնք  տարածվել են, իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց նա։

Բանակցություններին վերադառնալու մասին խոսելն, ըստ ԱԺ փոխխոսնակի՝ վաղ է։

«Որեւիցե միակողմանի զիջում, տարածքներ, որի մասին խոսվել  է նախկինում՝ նախկին իշխանությունների կողմից, էդ ֆորմատներն այս պահի դրությամբ չեն քննարկվում եւ չեմ էլ կարծում, որ նման բան կարող է քննարկվել։ Մենք պետք է գիտակցենք, որ երկար ժամանակ ՀՀ-ն եւ Արցախը միանձնյա պայքարել են համաշխարհային տեռորիզմի, Ադրբեջանի բանակի դեմ, եւ փառք մեր զինվորներին, սպաներին, ժողովրդին, որ կարողանում են հոգեբանորեն, կամքով, աշխատելով դիմակայել եւ դիմակայելու են մինչեւ վերջ»,- ասաց նա։

Լրագրողի ճշտող հարցին, ապատեղեկատվություն ասելով նկատի ունի՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումից հետո, երբ  աշխատանքից ազատվեց  ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը եւ լուրեր տարածվեցին, որ դա ռուսական կողմի թելադրանքն է, Ալեն Սիմոնյանը բացասական արձագանքեց․

«Ես նկատի ունեմ այն տեղեկությունները, որ պատերազմի հետ կապված ինչ-որ գործողություններ են կատարվում, ինչ-որ մարդիկ հարցեր են լուծում, ես դա նկատի ունեմ։ Իսկ Ձեր նշածի մասին ասեմ, որ ՀՀ-ում իշխանությունն ինքն է որոշում իր բարձրաստիճան՝ մասնավորապես ուժային պաշտոնյաների ընտրության հարցը, մենք դա բազմիցս ապացուցել ենք»։

Խոսելով օրերս դիրքերում զինվորների շրջանում խուճապ, կեղծ լուր տարածելու դեպքի մասին, Ալեն Սիմոնյանն ասաց, թե շուտով հստակ անուններ կլինեն, գործողություններ կտեսնեք։  «Այս պահին քննություն է ընթանում, ենթադրում եմ՝ մեծ տեղեկատվություն կլինի», — ասաց նա: